Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ 3 գործ՝ ՄԻԵԴ-ում

Հունիս 22,2017 13:55

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի տեղեկացմամբ՝ հուլիսյան դեպքերի հետ կապված այս պահին երեք լրագրողի անհատական գործ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից գրանցված է: Տիկին Հարությունյանը վստահեցրեց, որ դրանց մի մասը քիչ ավելի ուշ կուղարկվի ՄԻԵԴ՝ հասկանալուց հետո, թե ՀՔԾ-ի կողմից ինչ ընթացք են գործերը ստանում:

«Մեդիա կենտրոնում» «Լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտները. հայաստանյան զարգացումներ» թեմայով հրավիրված քննարկմանը Հայկուհի Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ լրագրողների նկատմամբ կատարվածը հիմնականում կրում է դիտավորյալ և համակարգված բնույթ. «Դրանք տեղի են ունենում ոստիկանության իմացությամբ: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հուլիսյան զարգացումներից հետո քննության ընթացքում ևս լրագրողները վկայակոչել են դեպքեր, երբ ոստիկանությունը շարունակել է իրենց նկատմամբ բռնության գործադրումը, սպառնալիքները: Եղել են դեպքեր, որ հենց գործատուն հնարավորություն չի տվել լրագրողներին շարունակել բողոքարկման ընթացքը: Վարքագիծ է դրսևորվել նաև, որ լրագրողն ինքն է հրաժարվել ընթացք տալ, ինչն ավելի մեծ ծավալով դրսևորվեց հենց հուլիսյան դեպքերից հետո, երբ լրագրողները, ովքեր 2015-ի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ տուժել էին, ուղղակի վստահություն չունեին և չցանկացան ընդգրկվել այդ գործընթացների մեջ, որ հետո հասնեն ՄԻԵԴ»:

Փաստաբան Արա Ղազարյանը փաստեց, թե ունենք խախտում, բայց չունենք հետևանք, ինչն արդեն ցույց է տալիս, որ կա խտրական վերաբերմունք լրագրողների նկատմամբ, որը գրավում է միջազգային ատյանների ուշադրությունը. «Հարուցված են քրեական գործեր, քննություն կատարվում է, բայց երկու տարին հատում է այն ողջամտության ժամկետը, որ պահանջվում է, ուստի մեր հայացքը պետք է հղենք դեպի միջազգային դատարան: Լրագրողների նկատմամբ կատարված բռնություններն առերևույթ կատարված իրավախախտումներ են, և դրանց բացահայտումը շատ արագ պիտի կատարվեր: Երկու տարի ունենալ 20-ից ավելի դեպք և ունենալ 4 դատական ակտ, որը տուգանքով է ավարտվել, բայց ունենալ 15-17-ից ավելի գործեր, որ դեռ նախաքննության փուլում են և միայն մեկ կամ երկու քննչական գործողություն, բնականաբար, բավարար չէ»:

Այն դիտարկմանը՝ կարծես թե ՄԻԵԴ-ը չի ցանկանում քննել լրագրողների նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեության խոչընդոտումների մասին գործեր, պարոն Ղազարյանն արձագանքեց. «Մի քանի դեպքերով, այդ թվում նաև «Էլեկտրիկ Երևանի» գործերով, համակարգված ընթանում է գործընթացը: Հուսով եմ՝ շուտով ՄԻԵԴ-ը կանդրադառնա այդ գանգատներին»:

Արա Ղազարյանի համոզմամբ՝ մեծ բացթողում կա լրագրողական համայնքում այն առումով, որ չունեն արհմիություն, քանի որ այդ դեպքում աշխատանքային իրավունքները պաշտպանված կլինեին, կարող էին համախմբել նաև պաշտպանության միջոցները:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը հայտնեց, որ ՄԻՊ-ը բազմիցս հանդես է եկել լրագրողների դեմ բռնությունները դատապարտող հայտարարություններով. «Հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ-ն արտահերթ հրապարակային զեկույցով է հանդես եկել, որտեղ հստակ գնահատական է տրված ոստիկանության ծառայողների, քաղաքացիական հագուստով անձանց կողմից լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ»:

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ցավոք, դինամիկան բացասական է. «Մենք ամեն օր ենք խոչընդոտների առաջ կանգնում: Օրինակ՝ հաճախ մեզ տանում են ուղղակի որպես պրեսս տուր, մենք գնում ենք ուղղակի այն վայրը, որտեղ նախագահը եղել է կամ լինելու է. բուն ընթացքը չի լուսաբանվում ու նկարահանվում: Գուցե դրա պատճառն այն է, որ ամեն պատահական մարդ լրատվական ծառայությունում աշխատում է և չի իմանում՝ իր հիմնական պարտականությունները որոնք են»:

Լրագրող Թեհմինե Ենոքյանը, որը ներգրավված է երկու դատական գործերում՝ դեկտեմբերի 2-ի և «Էլեկտրիկ Երևանի» գործերում, աբսուրդ համարեց այն, որ դատարանը պահանջում է, որպեսզի իրենք ապացուցեն, որ իրենց ոստիկանություն տանող անձը եղել է ոստիկան. «Ստացվում է՝ ոստիկանության մարմինը ոստիկանին չի ճանաչում: Կամ՝ ՀՀ վարչական դատարանը չորս ամիսը մեկ է նիստ նշանակում, մինչդեռ մյուս գործերով գոնե ամիսը մեկ կամ 40 օրը մեկ նիստ նշանակվում է»:

Տեղեկացնենք նաև, որ որպես բանախոս քննարկմանը հրավիրված էր նաև ՀՀ ոստիկանությունից ներկայացուցիչ, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930