Ինչպես տեղեկացրել ենք, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը վիճեցին, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի՝ «պադյեզդի» պատմությունը:
Իսկ Վահան Հովհաննիսյանն ասել էր, որ եթե նախագահը ձեր թիկունքին չկանգնի՝ ձեզ պադյեզդներում, դալաններում կծեծեն, հեղինակություն չունեք:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Կարծում եմ, պադյեզդների պատմության մասին Վահրամի ելույթից հետո ՀՀԿ կուսակցությունը եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու, թե իրենք ինչ առնչություն ունեն ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունու եւ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի հետ պադյեզդներիում տեղի ունեցածի կապակցությամբ»:
Փաշինյանն էլ հիշեցրեց ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին Ռումինիայի նախագահ Չաուշեսկու ճակատագրի մասին:
«Ելքի» երիտասարդ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ Վահրամ Բաղդասարյանին ասաց. «Ի տարբերություն ձեր կուսակցության, մեր կուսակցության նորընտիր պատգամավորները ամեն օր մասնակցել են քարոզարշավին, պադյեզներով են ման եկել եւ ունեն այն հեղինակությունը, որ իրենց հավաքած ձայներով են հայտնվել այստեղ, հասկանո՞ւմ եք: Այդ խոսքը ձեր վերաբերում է ձեր խմբակցության անդամներին եւ այն ճանապարհներին, որ ուսխորհուրդներով գալիս մտնում են այստեղ՝ սրան-նրան քսմսվելով: Չհամեմատեք մեզ ձերոնց հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ