ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, խոսելով «Ելքի» պատգամավորների մասին, ասել էր՝ ԱԺ-ում ունեմ մարդիկ, որոնք երազում են, թե ով ինչ պաշտոն է գրավելու: Արձագանքելով այս արտահայտությանը՝ Էդմոն Մարուքյանը Բաբլոյանին նետեց. «Մենք ձեր աշխատողները չենք, Ազգային ժողովի պատգամավորները ձեր աշխատողները չեն: Ազգային ժողովը ինչ-որ հիմնարկ չի, դուք էլ դիրեկտորը չեք»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ «Ելքի» հարցադրումներին, թե 2018-ին ով է լինելու վարչապետը, հակընդդեմ հարցադրումն էր արել, թե դուք գիտե՞ք 2018-ին «Լուսավոր Հայաստանը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը» «Ելք» դաշինքո՞ւմ են մնալու, թե՞ «Ժառանգության» ճակատագրին են արժանանալու:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Երեւի գիշերները ձեր քունը չի տանում: Երազում եք, որ մի բա՞ն լինի, չի՛ լինելու, մի անհանգստացեք: Ձեր կուսակցության մասին մտածեք: Որ օրը իշխանություն չունենաք՝ այդքան անդամ չեք ունենա, երեւի 5 հոգի մարդ մնաք այդտեղ, մեր դարդով մի տառապեք»:
Վահրամ Բաղդասարյանը ի պատասխան հորդորեց մի փոքր համբերել, համբերել՝ մինչեւ 2018-ը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ