ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը փորձեց այս անգամ հավեսով խոսել, որովհետեւ նրան մինչ այդ քննադատել էին, թե էքսպրեսիա, էմոցիա չկա:
Կառավարության ծրագրի մասին քննադատություններին անդրադառնալով՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ գյուղատնտեսության, այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին առաջարկներ հնչեցին, բայց դրանք արդեն ծրագրում կային, կար քննադատություն, որ սա տեղը դոփելու ծրագիր է, մինչդեռ այդպես չէ. «Կային առարկայական առաջարկություններ եւ էմոցիոնալ ելույթներ, իմ կարծիքով՝ ոչ կոռեկտ, անձնական եւ ոչ հեռանկարային: Ուղղակի խորհուրդ, հորդոր՝ նու, ճիշտ չի դա»:
Կարեն Կարապետյանն ասաց, որ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին շնորհակալություն է հայտնում՝ վստահության համար եւ խոսեց կառավարության իրենց թիմի մասին. «Գուցե անհամեստ հնչի, բայց հավաքվել է բավականին ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ, շատ լավ մթնոլորտ ունենք աշխատանքային: Բաց ենք եւ շահագրգռված ենք, որ լինի կոնստրուկտիվ քննարկում: Թիմը կազմված է մարդկանցից, որոնք մեր երկրին ծառայելու եւ լավ գործ անելու ցանկություն ունեն»:
Ըստ Կարեն Կարապետյանի, շատ լավ հաշվարկված ծրագիր է կառավարության ծրագիրը, վստահեցրեց, որ շատ լավ պատկերացնում են, թե ինչ պետք է անեն:
Կառավարության ծրագիրը բավականին թեժ մթնոլորտում դրվեց քվեարկության: Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ էր 31-ը: Կառավարության ծրագիրը արժանացավ մեծամասնության հավանությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ