ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ելքի» վաղաժամ հարցադրումները, թե 2018-ին ով պետք է լինի ձեր վարչապետը՝ ծուղակ որակեց: Ըստ նրա, կառավարության ծրագիրը քաղաքական ծրագիր է եւ պատասխանատուն ՀՀԿ-ն է, իսկ եթե ասեն, թե ով է լինելու իրենց վարչապետը, այս անգամ էլ ընդդիմադիրները կասեին՝ բա 1 տարի առաջ արդեն որոշել եք ով է լինելու. «Օրինակ, ես հարց եմ տալիս՝ ընտրություններից հետո դուք գիտեի՞ք ով պետք է լինի ձեր խմբակցության ղեկավարը, երբ որ ձեր ցուցակի առաջին համարը չեղավ, այլ եղավ Նիկոլը: Դուք չգիտեիք այդ մասին: Օրինակ, դուք գիտե՞ք 2018-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը «Ելք» դաշինքում կլինե՞ն, թե՞ «Ժառանգության» ճակատագրին կարժանանան»:
Վահրամ Բաղդասարյանը հորդորեց իրենց հետ համագործակցել մինչեւ 2018-ը, եթե գոհ կլինեն, իրենցից մեկին կարող է վերցնեն. «Աշխատեք համագործակցել»:
Վահրամ Բաղդասարյանը նորաթուխ պատգամավորներին, որոնք հեգնանքով էին խոսում երեկ կառավարության ծրագրի մասին իրենց ելույթներում, հիշեցրեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «պոդյեզդի» պատմությունը եւ ասաց, որ չի կարելի փորձառուներին նման հեգնանքով գնահատականներ տալ:
Նիկոլ Փաշինյանը տեղից բորբոքվեց ու սկսեց բղավել. «Եկեք գնանք խոսանք, ընենց կխոսանք պադյեզդներում՝ աչքերներդ կչռվի: Տենց բաներ մեր մասին չասե՛ք»:
ՀՀԿ-ականները արձագանքեցին, որ Նիկոլ քո մասին չի, ինչի՞ ես վրեդ վերցնում: Վահրամ Բաղդասարյանն էլ ձեռքը թափ տվեց, թե եթե քո վրա ես վերցնում՝ վերցրու: Փաշինյանն արձագանքեց. «Շշով կտամ վապշե բան կլինես, պադյեզդի մակարդա՞կ ես ուզում, եկեք գնանք…»:
Վահրամ Բաղդասարյանը հորդորեց՝ «Կարգի հրավիրեք էս երիտասարդին»:
Փաշինյանն էլ պատասխանեց՝ երիտասարդը դո՛ւ ես:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ