Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Երիցյան. «Իմ ուսերին կունենամ ապրած 60 տարի»

Հունիս 22,2017 13:45

Թեքեյան մշակութային կենտրոնում օրերս տեղի ունեցավ ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ, հեռուստալրագրող, «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ ու վարող, տարբեր երկրներում ապրող հայ համայնքների մասին պատմող մոտ 300 տեսաֆիլմերի, բազմաթիվ գրքերի, ուսումնական ձեռնարկների հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը:

Այս անգամ գրքի հեղինակը «Հայ մեծանուն գործարար-բարերարներ» շարքից անդրադարձել է Թամամշյանցներին: Առաջաբանում հեղինակը նշում է. «Ավարտելով գիրքը՝ հասկացա, որ այնքան էլ հեռու չէ իմ ծննդյան օրը՝ հունիսի 11-ը, որն այս անգամ հոբելյանական է։ Այլ խոսքով, իմ ուսերին կունենամ ապրած 60 տարի։ Գուցե ներկայացվող գիրքն այդ առթիվ մի յուրահատուկ նվե՞ր համարեմ ինձ և իմ մերձավորներին, բարեկամներին, հարազատներին, գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են մեր ժողովրդի արժեքներով ու անցյալից քաղած դասերով…»:
Միջոցառումը սկսվեց Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և խոսքով։ Նա ասաց, որ վերջին տարիներին ամեն տարի Սերգո Երիցյանը անակնկալ է պատրաստում թիֆլիսահայերի համար՝ նրանց մատուցելով նոր գրքեր ու տեսաֆիլմեր Թիֆլիսում ապրած ու արարած իրենց հայրենակիցների մասին։ «Այս անգամ նա անդրադարձել է ևս մեկ հայրենապաշտ գերդաստանի, որի ներկայացուցիչներն ինչ բարձունքի էլ որ հասան, չմոռացան իրենց ծննդավայր Թիֆլիսը»,- ասաց սրբազան հայրը։

Թեքեյան մշակութային միության նախագահ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը խոսեց Սերգո Երիցյանի հետ իր ծանոթության, համալսարանական համատեղ աշխատանքի և նրա լրագրողական, հասարակական-քաղաքական գործունեության մասին: «Բոլոր ասպարեզներում նա աշխատում է ոչ մարդկային աշխատասիրությամբ, աշխատում է ամեն օր, բոլորիս համար՝ ողջ նվիրումով: Նա նաև փայլուն ու պատասխանատու դասախոս է»,- ընդգծեց Ռուբեն Միրզախանյանը: Այս ամենը հաշվի առնելով էլ ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ Ս. Երիցյանը պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալով:

Հոբելյարի կերպարը ձգտեց ներկայացնել մանկության ընկեր, Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրանց ծանոթությունը կայացել է նամակագրության միջոցով: «4-րդ դասարանի աշակերտուհի էի, երբ «Կանչ» թերթում տպագրվեց փոքրիկ հոդվածս, ու մի քանի օր անց նամակ ստացա «Թումանյանի շրջան, գյուղ Ճոճկան» հասցեից, Սերգո Երիցյան: 6 տարի շարունակ նամակագրական կապ էինք պահում: Հանդիպեցինք միայն այն ժամանակ, երբ նա եկավ Երևան՝ համալսարան ընդունվելու: Եկավ մեր տուն, սկզբում չճանաչեցի, ընկերոջ հետ էր, ձեռքին երկու արկղ խնձոր, այդ օրվանից մենք լավ ընկերներ ենք՝ նաև ընտանիքներով: Մի անգամ Ս. Երիցյանի հայրը հարցրեց՝ Սերգոյի ընկերներն իրենից գո՞հ են: Պատասխանս դրական էր, և նա շարունակեց՝ ես դա էի ուզում Աստծուց»:

Թամամշյանցների գերդաստանին նվիրված տեսաֆիլմի նկարահանումների ժամանակ էլ ծնունդ առած գիրքը ներկայացրեց երաժշտագետ, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: «Թամամշյանցները՝ լինելով մեծահարուստ, կիրթ ու զարգացած մարդիկ, անընդհատ բարերարություններ էին անում. օպերային թատրոն բացում, ջրատար կառուցում, դպրոցներ ստեղծում,- ասում է նա,- Թամամշյանցների գերդաստանի անդամներն ակտիվ գործունեություն էին ծավալում ոչ միայն Թիֆլիսում, այլև Ստավրոպոլ, Կրասնոդար, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում։ Նրանց ուսյալ ներկայացուցիչները դասախոսություններ էին կարդում Բեռլինում, Փարիզում՝ մրցակցելով իրենց եվրոպական գործընկերների հետ»:

Հաջորդ բանախոսն ասաց, որ Սերգո Երիցյանի գործունեության շրջանակները բավական լայն են՝ լրագրողական, դասախոսական, գիտական, քաղաքական, հասարակական: Եթե այս ամենը վիճակագրությամբ արտահայտենք, ապա դա կնշանակի 22 տարվա անդադար եթերային կյանք, 25 գիրք, «Հայկական ներկապնակ» ծրագրով բազմաթիվ փառատոներ և ցուցահանդեսներ:
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ընկերոջ գործունեության մասին ավելի մանրամասն խոսեց։ Նա ասաց, որ Սերգո Երիցյանի հետ աշխատել է 8 տարի, և գործընկերոջից դարձել ընկեր: Այդ տարիների ընթացքում հիացել է նրա մարդ տեսակով: Օգտագործելով ֆրանսիացի փիլիսոփա Ժան պոլ Սարտրի խոսքերը, նա ասաց. «Մարդն իր ծննդյան օրվանից չկայացած, կիսատ, բայց անընդհատ կատարելագործվող նախագիծ է՝ միտված ապագային: Խելացի մարդիկ գիտեն, որ մահկանացուներիս մեջ կատարյալներ չկան, բայց իմաստությանը մոտ կանգնած մարդիկ գիտեն, որ ամեն օրը կատարելագործվելու համար է: Սերգո Երիցյանն այդ տեսակետից հետաքրքիր օրինակ է իր շրջապատի, ընկերների, ուսանողների համար»:

Հաջորդը ելույթ ունեցավ բանաստեղծ Սուրեն Մուրադյանը: «Նրա աշխատասիրությունը նկարագրելու համար մի համեմատություն կանցկացնեմ,- ասաց նա,- նա 60 տարեկան է միայն անձնագրով, բայց արած աշխատանքը և իր գործունեությունն ավելի մեծ ծավալ ունեն, որ կարելի է ասել՝ ավելի շատ տարիներ է ընդգրկում»: Այնուհետև նա ընթերցեց իր բանաստեղծություններից մեկը՝ «Մայրենի լեզուն» ու հոբելյարին նվիրեց իր վերջին գրքերից մեկը՝ «Մեծերի համար՝ 100 հանելուկ»:

Միջոցառման ավարտին հեղինակը՝ Սերգո Երիցյանը, նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, ասելով՝ դահլիճում գտնվող յուրաքանչյուրն իրեն հարազատ է։ Նա, երևի թե առաջին անգամ դժվարանում էր խոսքեր գտնել ու արտահայտվել, սակայն գնահատականի խոսքերից հետո նա երեկոն այսպես ավարտեց.
-Ի՞նչ է այս հոբելյանն ինձ համար: Երևի թե մի փոքր հետ նայելու, բայց ավելի շատ առաջ նայելու հնարավորություն: Իհարկե, ես տեսնում եմ, որ քիչ բան եմ հասցրել անել 60 տարիների ընթացքում, բայց անելիքն ավելի շատ է:

Կյանքում միայնակ ոչինչ հնարավոր չէ անել։ Միասնական ջանքերի շնորհիվ է, որ մենք ստանում ենք այն նեկտարը, որն անհրաժեշտ է լինում: Այսօրվա գիրքն էլ բացառություն չէ։ Մենք մեկ տարի աշխատել ենք, որոնել, պրպտել, գտել, նորանոր փաստեր ձեռք բերել: Ամեն մի նման նախաձեռնություն պետք է միշտ իրականություն դառնա։ Դա ինձ համար նաև սկզբունք է։
Ողջ երեկոյի ընթացքում երաժշտությունը և լավ տրամադրությունը ապահովում էր Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։

Գիրքը սիրով տպագրության է պատրաստել և հովանավորել «Էդիտ-Պրինտ» հրատարակչությունը և նրա տնօրեն Մկրտիչ Կարապետյանը։

Քրիստինե Նանյան

«Առավոտ օրաթերթ»

22.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930