ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ-ում իր ելույթում կառավարության ծրագիրն անվանեց գործնական: Ըստ նրա, քաղաքացիները կարող են հետեւել ժամանակացույցին եւ արածի, չարածի համար հաշվետվություն պահանջել:
Նա ասաց, որ եթե հանրության գոնե մի հատվածի մոտ կառավարությունը կարողանա հավատ ներշնչել, հասարակության առողջ հատվածը կմասնակցի բարեփոխումներին, առանց հետադարձ կապի ապահովման ցանկացած՝ նույնիսկ լավագույն ծրագիր դատապարտված է:
Աղվան Վարդանյանը խորհուրդ տվեց կառավարությանը՝ ասում եք կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարում ենք, պիտի գործնականում ապացուցեք, ասում եք՝ արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու, օրենքը բոլորի վրա է տարածվելու, հավասար սկզբունք է լինելու, պետք է գործնականում ապացուցեք. «Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու: Մարդը պետք է կոնկրետ տեսնի պաշտոնյաների վերաբերմունքի էական տարբերություն իր հանդեպ, հանրային ծառայողների նոր վարքականոն է պետք պարտադրել: Ապրիլյան պատերազմից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի»:
Աղվան Վարդանյանը, դիմելով Կարեն Կարապետյանին, ասաց՝ նախկինում կառավարության ավելի հավակնոտ ծրագիր էլ ենք ունեցել, բայց այն ձախողվել է ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, այլեւ անվճռականության եւ հարմարվողականության պատճառով:
Վարդանյանը կանխատեսում է՝ խանգարողներ էլի լինելու են, անցյալի անցքերից մտնել փորձող լինելու են, քաղաքական կյանքի սեւ խոռոչը ինքնաբավարարմամբ 5 տարում էլ նոր բան չի ծնելու, 2018-ի քաղաքական կեղծ օրակարգը թեժացնողներ լինելու են:
Նայելով «Ելք» խմբակցության պատգամավորների կողմը՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Ներեցեք, որ հարցնում եմ, բայց ձեր համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ, ձեր մոտեցումները դրանից փոխվելո՞ւ են: Արտակ Զեյնալյանը սոցիալիստ-պահպանողակա՞ն է դառնալու: Համբերեք 9 ամիս՝ հարցեր չեն մնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ