«Այժմ բոլորը կարդալ գիտեն, փառք կարդացածը հասկացողին»,- այսօր ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի իր ելույթը սկսեց սեւակյան խոսքերով:
Ինտրիգասեր հասարակության համար նա ասաց, որ կառավարության ծրագիրը հենվում է ՀՀԿ նախագահի ուղերձի, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի, ինչպես նաեւ հռչակագրի սկզբունքների վրա: Կառավարության ծրագիրը նա անվանեց «Անվտանգություն եւ առաջընթաց, նոր սկիզբ, արդար Հայաստան»: Սրանք ՀՀԿ-ի կարգախոսներն էին՝ վերջին ընտրություններին:
Կարեն Ավագյանն անդրադարձավ «Ելքի» հարցադրումներին, թե ո՞վ է լինելու 2018-ին վարչապետը. «Շատ շեղվեցին մեր գործընկերները բուն թեմայից, մարդիկ եղան, որոնք խոսեցին բացառապես իրենց ցանկություններից, մարդիկ էլ եղան, որ ամբողջ ծրագրի մեջ փնտրում էին հետաքրքրություն, թե ով է վարչապետը: Ու այդ մարդիկ չգիտեն անգամ, թե իրենց ֆրակցիայի ղեկավարը 2018-ից հետո ով է լինելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ