Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի խախտման դեպքերով, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
«Կողմերին կոչ ենք անում խուսափել սրացումից և անհապաղ քայլեր ձեռնարկել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին լարվածությունը նվազեցնելու համար»,- ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի հրապարակած հայտարարությունում:
Խոսնակը հիշեցնում է, որ հունիսի 19-ին իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ էին արել վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված բարեխղճության և քաղաքական կամքի վրա: Համանախագահները այնուհետև ընդգծել էին, որ նման բանակցությունները տարածաշրջանի ժողովրդի համար կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն են:
«Միացյալ նահանգները շարունակում է ակտիվորեն ներգրավել կողմերին: Մեր վաղեմի քաղաքականությունն, որին համակարծիք են Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ