Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյանը «ջիգյարով» պաշտպանեց կառավարության ծրագիրը եւ լայն ժպիտ փոխանցեց «Ելքին»

Հունիս 22,2017 10:44

«Ուզում եմ ջիգյարով պաշտպանել կառավարության ծրագիրը»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի մասին իր ելույթում ասաց ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը: «Ջիգյարով» բառը նա լսել էր Կարեն Կարապետյանից՝ ներկուսակցական հանդիպման ժամանակ:

Ըստ Կորյուն Նահապետյանի, կառավարության այս ծրագիրն էապես տարբերվում է մյուս ծրագրերից եւ քաղաքական ճաշակի հարց է, թե ինչ ծավալով այն պետք է լինի՝ փոքր է, մեծ է:

Կորյուն Նահապետյանը անդրադարձավ Էդմոն Մարուքյանի եւ առհասարակ «Ելքի» հարցադրումներին՝ ուղղված վարչապետին՝ ուր է էքսպրեսիան, ուր է էմոցիան, 2018-ին ով է լինելու վարչապետ եւ այլն: Նահապետյանն ասաց, որ նման հարցերը միայն լայն ժպիտ են առաջացնում, որովհետեւ նման հարցադրումները զուրկ են քաղաքական տրամաբանությունից, քաղաքական գործընթացների բնականոն զարգացումներից. «Յուրաքանչյուր հարց իր ժամանակ ունենալու է հստակ պատասխան»:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ 5 տարվա ընթացքում իշխանությունն իրականացնելու է այս ծրագիրը, թե ովքեր են առաջնորդելու, կիմանանք այն ժամանակ, երբ ձեւավորվի նոր կառավարություն, հիմա անցումային շրջան է. «Պետք է այս շրջանն անցնենք առանց ցնցումների՝ որեւէ կերպ չվտանգելով մեր երկրի կայունությունն ու անվտանգությունը»: Նա հիշեցրեց, որ իհարկե, ըստ սահմանադրական նորմի, կառավարությունը հրաժարական է տալու նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման օրը, բայց սա չի նշանակում, որ այն ծրագիրը, որը ներկայացվել է ԱԺ, հենց 7 ամսվա կյանք է ունենալու. «Մինչեւ 2040 թվականը մենք ունենք տեսլական»:

ՀՀԿ պատգամավորը նշեց, որ էական չի, թե 2040-ին ով է լինելու վարչապետը կամ նախագահը, ուստի «Ելքի» հարցադրումը, թե ով է լինելու, վաղաժամ է, ժամանակավրեպ է եւ կարիք չկա այդ հարցին լուրջ վերաբերվել: Դա քաղաքական խայծ է, որ բերվում է օրակարգ՝ ինտրիգներ ստեղծելու քաղաքականության մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930