Գրականագետ Դավիթ Գասպարյանը հրաշալի է համարում կառավարության ծրագրում տեղ գտած գրավաճառ ցանցն ընդլայնելու գաղափարը։ Նա հիշում է. եթե խորհրդային տարիներին Երեւանում կար 75 գրախանութ, ապա հիմա դրանց թիվը 5-ից չի անցնում։
Գասպարյանն ընդգծում է՝ ցանկացած դեպքում գրքի հանդեպ վերաբերմունքը պետք է փոխվի, ավելին՝ պետք է գիրքը հարկումից ազատել. «Չի կարելի ավելացված արժեքի հարկը դնել գրքի վրա, հատկապես ուսումնական, գիտական գրքերի վրա, այն դեպքում, երբ գրքի ինքնարժեքը տպաքանակների նվազեցման պատճառով շատ է բարձրացել։ Եթե առաջ 5 հազար էր տպագրվում, հիմա ամենաշատը՝ 300-500 օրինակ։ Ինքնարժեքը բարձրանում է, դրա վրա ավելանում է ավելացված արժեքի հարկը, որից հետո էլ ավելի է թանկանում գիրքը։ Մենք ամեն ինչ պետք է անենք գրքի գինն էժանացնելու եւ ժողովրդին հասցնելու համար։ Գրքից հեռացած ժողովուրդն արդեն վաղվա ժողովուրդ չէ»։
Ինչ վերաբերում է հարցին, որ առաջիկա 5 տարիներին նախատեսված է մեկ գրախանութ բացել, ըստ Գասպարյանի, դա քիչ է, քաղաքի բոլոր թաղամասերում առնվազն մեկ գրախանութ պետք է բացել, ինչպես նաեւ գրադարաններն ակտիվացնել. «Ինչ լույս է տեսնում, գրադարանները պարտավոր են գնել, իսկ եթե գրադարանն այսօր գիրք՝ հիշողություն չգնեց, ապա վաղն արդեն հիշողությունդ թերի կլինի։ Այս հարցում առավել հոգատարություն եմ ակնկալում»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում