Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է հունիսի 27-ից հուլիսի 2-ը Դորտմունդում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Երիտասարդներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում «Օլիմպավանում»: Մարզչի խոսքերով, իրենք լավ նախապատրաստություն են անցնում «Օլիմպավանում» եւ ինքն իր սաներից արդյունքներ է սպասում: Սակայն Ա. Վարդանյանը չի ցանկանում կանխագուշակություններ անել, քանի որ սպորտն իրականում անկանխատեսելի է:
Ավետիք Վարդանյանը Եվրոպայի առաջնություն մեկնող թիմի կազմում ընդգրկել է լավագույններին՝ այս տարիքային խմբի Հայաստանի չեմպիոններին:
Գերմանիայում մրցագորգ կմտնեն. Կարեն Զուրաբյան՝ 50 կգ քաշային կարգ, Արսեն Հարությունյան՝ 55, Վարդգես Կարապետյան՝ 60, Գեւորգ Մխեյան՝ 66, Արման Ավագյան՝ 74, Հովհաննես Մխիթարյան՝ 84, Սարգիս Հովսեփյան՝ 96 եւ Հովհաննես Մաղաքյան՝ 120:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ