«Առավոտի» այս տարվա հունիսի 3-ի համարում «Պետական գործուղումներից հետո» հրապարակմամբ անդրադարձել ենք պետական պաշտոնյաների գործուղումների հաշվետվություններին եւ նկատել, որ օրինակ՝ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի գրած հաշվետվության մեջ հայատառ, բայց ոչ հայերեն ձեւակերպում կա. «Բիենալեն կտեւի մինչեւ ս. թ. նոյեմբերի 26-ին»: Հայերենը կլիներ, եթե գրված լիներ կտեւի մինչեւ 26-ը կամ կփակվի 26-ին: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ փաստաթղթում ոչ հայերեն ձեւակերպումներն առնվազն պատիվ չեն բերում հայերենը պետական լեզու հռչակած պետության պետական պաշտոնյաներին:
Պարզվում է՝ հայերենը չի կարեւորում նաեւ ՀՀ կառավարությունը: Հունիսի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «2017-2022թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը», որտեղ գրված է. «ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա»: Սա հայերեն չի: հայերեն կլիներ, եթե գրված լիներ «ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա», կամ «ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը կառուցված է հետևյալ սկզբունքի հիման վրա»:
Կարեն Կարապետյանն առաջին անգամ վարչապետ նշանակվեց 2016-ի սեպտեմբերին, եւ հոկտեմբերին կառավարությունը ծրագիր ներկայացրեց, որտեղ չկար «Հայոց լեզու» բաժին: Մենք էլ զարմացանք-անհանգստացանք «Իսկ ո՞ւր է «Հայոց լեզու» բաժինը» («Առավոտ», 21 հոկտեմբեր, 2016): Փաստորեն անհանգստությունը անտեղի չէր: Ի դեպ, այդ բաժինն այս նախագծում էլ չկա:
Նելլի Գրիգորյան
«Առավոտ օրաթերթ»
21.06.2017