Լրահոս
Օրվա լրահոսը

«Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով պաշտպանը «թունավոր պտուղ» է համարում ԱԺ պատգամավորի ներկայացրած ձայնագրությունը

Հունիս 22,2017 15:00

Սպասվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ու ամբաստանվողի հարցաքննությունը

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեկ տարուց ավելի գտնվող կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նախորդ նիստը հունիսի 15-ին էր: Հաջորդը նշանակվել է հունիսի 22-ին: Երեկ ասուլիս էր հրավիրել Ա.Հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը: Սակայն փորձենք անդրադառնալ դատական վերջին երկու նիստերին պաշտպանական կողմի մարտավարությանը:

Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել է որոշակի ապացույցներն օգտագործման համար ճանաչել անթույլատրելի: Խոսքը 2016թ. մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ իր և Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրության մասին է: Սարգիս Հարությունյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունները պարունակող լազերային սկավառակի զննման մասին արձանագրության համաձայն՝ Անի Հովհաննիսյանը Տիգրան Ուրիխանյանից ամսական 300.000 դրամ է պահանջել «Analitik.am» լրատվական կայքում Տ. Ուրիխանյանի վերաբերյալ սուտ և վարկաբեկիչ հրապարակումների դադարեցման նպատակով:

Ի դեպ, դատաքննության ժամանակ հետազոտվել է այդ ձայնագրությունը և տեսաձայնագրությունը պարունակող լազերային սկավառակի զննման մասին արձանագրությունը:
Պաշտպանական կողմը դատարանում հարց բարձրացրեց. «Արդյոք Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ լազերային սկավառակում առկա ձայնագրությունը իրականացվել է օրենքով սահմանվա՞ծ կարգով, թե՞ ոչ, արդյոք առկա՞ է դատարանի որոշում իր և Անի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցող խոսակցությունը գաղտնի ձայնագրելու, թե՞ ոչ, ինչպես նաև Սարգիս Հարությունյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման գաղտնի տեսաձայնագրությունները»:

Եվ քանի որ չկար նման որոշում, հետեւաբար, պաշտպանի կարծիքով, նշված ձայնագրությունը և տեսաձայնագրությունը ձեռք է բերվել օրենքի խախտումով, իսկ դրանից բխող այն զննելու մասին արձանագրությունը հանդիսանում է «թունավոր ծառի պտուղ» և չի կարող դրվել Անի Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում:

Պաշտպանական կողմը վկայակոչում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք։ Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը։ Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։

Լ.Սիմոնյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կան գաղտնիության սահմանափակման մասին ամրագրված հստակ կառուցակարգեր, որով որևէ կերպ չի նախատեսում անձի կողմից գաղտնի, առանց մյուս կողմի համաձայնության, որևէ նպատակով ձայնագրելու, իսկ հետագայում այն որևէ քրեական գործով որպես ապացույց օգտագործելու հնարավորություն։ Այս կապակցությամբ, պաշտպանը հղում է կատարում Վահագն Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0666/10/ 11 որոշման 13-րդ կետին: Մասնավորապես, ըստ այդ որոշման իրավական դիրքորոշման. «անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքը անձի՝ ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է… Ըստ այդմ էլ, անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքի երաշխիք է հանդիսանում այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի կիրառումը: Վերջինիս իմաստով՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշման հիման վրա»:

Պաշտպանական կողմը մեկ այլ միջնորդություն էլ էր կատարել, կապված մեկ այլ ապացույցի հետ: Անի Հովհաննիսյանի մեղքը հիմնավորող ապացույց է ճանաչվել վկա Ինգա Կիրակոսյանի նախաքննական ցուցմունքները:

Լ. Սիմոնյանը գտնում է, որ այն նույնպես անթույլատրելի է:

Վկան հրավիրվել է քննիչի մոտ անցյալ տարվա օգոստոսի 9-ին: Քննիչի կողմից նա տեղեկացվել է, որ կանչվել է հարցաքննության «Անալիտիկ.ամ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի և Վարդիթեր Գիշյանի կողմից խմբի կազմում Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ ենթադրաբար շորթում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով: Սակայն դատական գործընթացում այլ հանգամանք է պարզվել: «Քննիչի կողմից նրան որևէ հարց չի տրվել Ա. Հովհաննիսյանի և Վարդիթեր Գիշյանի կողմից խմբի կազմում Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ ենթադրաբար շորթում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրեն հայտնի դարձած հանգամանքների վերաբերյալ, այլ հարցեր են տրվել «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ զանգելու և Ա. Հովհաննիսյանի կողմից այդ հեռախոսազանգերին որևէ առնչություն ունենալու հետ կապված: Այսինքն, վկան ըստ էության հարցաքննվել է ոչ թե այն քրեական գործով իրեն հայտնի դարձած փաստական տվյալների վերաբերյալ, որով հրավիրվել է հարցաքննության, այլ այդ քրեական գործի հետ որևէ կապ չունեցող փաստական տվյալների մասին»,-«Առավոտին» ասում է Լ. Սիմոնյանը: Այսինքն, բանկի դրվագով Անիին մեղադրանք առաջադրված չէր: Մեղադրանք այդ պահին առաջադրվել էր «խմբի կազմում» Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ ենթադրաբար շորթում կատարելու փաստի առթիվ:

Պաշտպանական կողմի գնահատմամբ, վկայի ցուցմունքը ձեռք է բերվել՝ ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտմամբ՝ քննչական գործողության՝ վկայի հարցաքննության կատարման կարգի էական խախտմամբ: Քրեական գործի նյութերում կա քննիչի որոշումը Ինգա Կիրակոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Որոշման պատճառաբանական մասում կա այսպիսի ձեւակերպում. «Գնահատելով սույն գործով փաստական հանգամանքները՝ գտնում եմ, որ Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունից շորթում կատարել է Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ: Այդ դրվագով չի ապացուցվել շորթում կատարելու Ինգա Կիրակոսյանի ուղղակի դիտավորությունը. սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»: Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչ քննիչի նշյալ որոշման կայացման օրը Ինգա Կիրակոսյանը գտնվել է փաստացի կասկածյալի կարգավիճակում, սակայն՝ երեք անգամ հարցաքննվել է վկայի կարգավիճակում, ընդսմին, նրան պարզաբանվել են վկայի իրավունքներն ու պարտականությունները, այն դեպքում, երբ պետք է պարզաբանվեին կասկածյալի իրավունքներն ու նա պետք է տեղեկացված լիներ ցուցմունքներ չտալու իրավունքի մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»
21.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930