Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը ներառել է հասարակության բոլոր խավերը

Հունիս 22,2017 14:00

Վանաձորում երեկ անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական ուսումնական հաստատություն» մրցույթի եզրափակիչը, որին մասնակցեցին Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի՝ առաջին եւ երկրորդ փուլերում հաղթած նախադպրոցական հաստատությունները:

Առաջին տեղն զբաղեցրեց Սյունիքի մարզը: Նրան հաջորդեցին Կոտայքի մարզն ու Արցախը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այս մրցույթը մեկնարկել է 2015 թվականից եւ անցկացվում է երրորդ տարին անընդմեջ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տասը մարզերի եւ Արցախի 243 նախադպրոցական հաստատությունների 2916 երեխա: «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը ծնունդ է հայկական երկու պետություններում 2004 թվականին հիմնված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթից, որը 2016 թվականին ծնեց եւս երկու կարեւորագույն՝ «Երեխաների խնամքի եւ պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթները:

Անձամբ խիստ կարեւորում եմ նոր ծնված այս մրցույթները, որոնք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող մարզական-մասսայական միջոցառումների անիջական մասն են կազմում: Դրա արդյունքում մեր հասարակության բոլոր խավերը եւ տարիքային խմբերը ներգրավվել են առողջ ապրելակերպի ոլորտ՝ սկսած մանուկներից, դպրոցահասակներից, ուսանողությունից, ավարտած տարեցներով ու հաշմանդամություն ունեցող խավով: Այս նախաձեռնությունները հիմա էլ լրամշակվում եւ ավելի հասցեական են դառնում: Մասնավորապես, այս տարի առաջին անգամ անցկացվում են հանրակրթական դպրոցների 1-3, 4-7, 8-12 դասարանների աշակերտների օլիմպիադաներն ու սպարտակիադան, ուսանողների մարզական խաղերը, տարեցների միջեւ մարզական խաղերը, գյուղական համայնքների մարզական խաղերը, որոնք շարունակվելու են մինչեւ տարեվերջ: Ավելի քան վստահ եմ, որ տարեվերջին ընդհանուր արդյունքներն ամփոփելիս, կարձանագրենք բոլոր տարիքային խմբերի եւ հասարակության շերտերի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»
21.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930