Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե բեմում եմ 4 տարեկանից…»

Հունիս 22,2017 13:30

Կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը ինչպես որ է

Երաժշտական տաղանդի դրսեւորումները ոչ բոլոր արվեստագետների մոտ են ի հայտ գալիս մանկության տարիներին: Նույնիսկ անվանի արվեստագետներից շատերը չեն կարող հավաստիացնել, թե 4 տարեկանում, այն էլ ընտանեկան անսամբլի հետ բեմ են բարձրացել եւ պարգեւատրվել Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով: Ոչ մի հայ կոմպոզիտոր Կոմիտասից, Եկմալյանից հետո չի հանդգնել պատարագ ստեղծել, որը պիտի արժանանար ՀՀ պետական մրցանակի (2003թ.): Խոսքը Արզաս Ոսկանյանի մասին է:

«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, թե Ոսկանյան տոհմածառը սկիզբ է առնում հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի ստեղծող Ոսկան Երեւանցուց: Նրա գերդաստանը շուրջ 300 տարի առաջ հաստատվել է Դիլիջանում: Երկու կողմի պապերը եւ հայրական տատը չլինելով պրոֆեսիոնալ երաժիշտներ, ժողովրդական եւ աշուղական երգերի հրաշալի կատարողներ են եղել: Արվեստագետի հայրը՝ Գրիգոր Ոսկանյանը, որը հայկական երգարվեստի նկատմամբ ունեցած սերը փոխանցել է իր զավակներին, 1950-ականների սկզբին ստեղծել է ընտանեկան անսամբլ: Արզաս Ոսկանյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանել է Էդվարդ Միրզոյանի դասարանում, այնուհետեւ ստեղծել ու ղեկավարել է «Սրինգ» անսամբլը, մինչ այդ՝ «Խորան» երգչախումբը, ապա՝ կոնսերվատորիայում հիմնել է «Երիտասարդ վարպետներ» հայ ավանդական երաժշտության անսամբլը:

Արզաս Ոսկանյանը՝ Էդվարդ Միրզոյանի եւ նրա տիկնոջ հետ:

1978թ., երբ կոնսերվատորիայում բացվում է ժողովրդական նվագարանների ամբիոն, դասավանդելու նպատակով հրավիրվում է նաեւ Արզաս Ոսկանյանը: «Վերջապես կատարվեց իմ երազանքը, հիմնադրվեց «Հայոց երգեցողության դասարանը»,-հիշում է մեր զրուցակիցը:

Տարիներ անց՝ 1992-ից կոմպոզիտորը կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների եւ երգեցողության ամբիոնի վարիչն է դառնում, պրոֆեսորը: Նրա ղեկավարությամբ են կոնսերվատորիան ավարտել ժողովրդական ու աշուղական երգերի այնպիսի վարպետ կատարողներ, ինչպիսիք են Ֆլորա Մարտիրոսյանը, Սուսաննա Սաֆարյանը, Մարգարիտ Շահինյանը, Էդուարդ Դարբինյանը, Թովմաս Պողոսյանը եւ այլք: Այսօր միայն նկարահանումներով կարելի է տեսնել ժամանակին ազգային ոճի վառ նկարագրով հանդես եկող երգիչ Արզաս Ոսկանյանին: Նա մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած համերգներին, տարբեր գիտաժողովների, հյուրախաղերով հանդես եկել արտասահմանում:

Կոմպոզիտորի ստեղծագործական գործունեությունը բազմաժանր է, բոլորը չես թվարկի: Ժամանակին հավաքագրել ու մշակել է շուրջ 2000 երգ ու մեղեդի: Աշխատելով կոնսերվատորիայում, հայ երաժշտական ֆոլկլորագիտության կաբինետում, նա ղեկավարել է ժողովրդական երգերի հավաքման գիտարշավները Հայաստանի տարբեր շրջաններում:

Բազմաթիվ այսպիսի գրքերի ուսումնասիրումն է նախորդել խոշորածավալ «Պատարագ»-ի արարմանը:

Անդրադառնալով ոսկանյանական պատարագին, մեր զրուցակիցը նախ նշեց, թե Եկմալյանից առաջ պատարագ ստեղծելու աշխատանքներին էր լծվել Քրիստափոր Կարա-Մուրզան, բայց ավարտին չէր հասցրել: Դիտարկմանը՝ պատարագ ստեղծելը մեծ ռիսկ է ենթադրում, պարոն Ոսկանյանը պատասխանեց. «Այդ ժամանակ ներքին խռովք էի ապրում, առանձնանալու խնդիր ունեի… Վերադարձա ծննդավայրս… Յոթ ու կես տարի պահանջվեց պատարագ գրելու համար»:

Հետաքրքրվեցինք՝ սովորաբար հոբելյանական երեկոներին (վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց կոմպոզիտորի ծննդյան 70-ամյա հոբելյանը) համատեղում են ծննդյան եւ ստեղծագործական գործունեության կլոր տարեթվերը, մինչդեռ ձեր դեպքում բացակայում էր «ստեղծագործական» տարրը, Արզաս Ոսկանյանը ժպտալով ակնարկեց. «Եթե բեմում եմ 4 տարեկանից…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»
21.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930