Համայնքի կյանքը` ղեկավարի ներկայացմամբ
Վայոց ձորի մարզի` ըստ էության սահմանապահ առաքելություն իրականացնող Խաչիկ համայնքում մարդիկ առանձնահատուկ կապվածություն ունեն հողի ու ջրի հետ: Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ նախ իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն, դրա համար էլ փորձում են բարելավել համայնքի բնակիչների կյանքը: Խաչիկն ամենաակտիվ համայնքներից է, գյուղապետն ափսոսում է, որ այժմ ընդամենը 95 աշակերտ ունեն, այս տարի 2 շրջանավարտ են տվել, բայց կարեւորը՝ երեխաները սեր ունեն ուսման հանդեպ: Նրա տեղեկացմամբ, 2012թ. նախագահի կարգադրությամբ Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվել են դպրոցի երկու մասնաշենքերը, ունեն լավ մարզադահլիճ, ուսուցիչների պակաս չունեն: «13 երեխա էլ նախակրթարանում ունենք, մանկապարտեզ չունենք, բայց փոքրիկներին 3-4 ժամով զբաղեցնելու համար խումբ է կազմավորվել»,- հայտնում է համայնքի ղեկավարը:
Նրանից պարզեցինք, որ համայնքում վերջին ամուսնությունն այս տարի է գրանցվել, երիտասարդներն ամուսնանում են եկեղեցով, իսկ առաջիկայում 9 բալիկ կծնվի գյուղում: «Բոլորին գիտենք, որովհետեւ մեր համայնքի բյուջեից միանվագ 50000 դրամ ենք տալիս երեխա ունեցողներին: Մի քանի տարի առաջ մահացածների թիվը գերազանցում էր ծնվածների թվին, իսկ անցյալ տարի ծնունդն ավելի շատ է եղել»,-հավելում է մեր զրուցակիցը: Նա ոգեւորությամբ նշեց հատկապես գյուղի հոգեւոր պատասխանատուի` Արսեն սարկավագի անունը, որը երգչախումբ է ստեղծել` եկեղեցուն կից:
Վարդան Ներսիսյանը հպարտությամբ է խոսում իրենց համայնքում եղած պատմամշակութային հուշարձանների մասին` Խոտակերաց վանք, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հազարանփրկիչ…Կոնկրետ Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1681 թվականին, վերականգնվել 2 դար հետո եւ գործում է մինչև օրս: «Խաչիկը միշտ էլ իր ակտիվությամբ եւ բնակչության թվով գերազանցել է հարեւան համայնքներին»,- շեշտում է գյուղապետը: Մտահոգված հավելում է, որ Խաչիկը համայնքների խոշորացման ծրագրում է: Գյուղապետի համոզմամբ, դա անթույլատրելի է ոչ միայն համայնքների հեռավորության պատճառով, այլեւ գյուղի բացառիկության: Ճանապարհները ահավոր են, տրանսպորտ չկա, իսկ Երեւան հասնելու համար առնվազն 15 000 դրամ է անհրաժեշտ: Ի դեպ, խոշորացման վերաբերյալ գյուղի կարծիքը չեն էլ հարցրել:
Պարոն Ներսիսյանը գոհ է, որ համայնքային գրադարան ունեն, որը վերջին անգամ մեկ շաբաթ առաջ է համալրվել գրքերով, ինչ վերաբերում է դպրոցական գրադարանին, նորզելանդացի հայ բարերարները պատրաստվում են այն վերանորոգել իրենց միջոցներով: Դպրոցում 12 համակարգիչ կա, գյուղապետի ասելով, գյուղում չկա տուն, որ համակարգիչ չունենա, հեռավորությունը չի խանգարում աշխարհում ու Հայաստանում կատարվածին համացանցի միջոցով իրազեկվելու համար:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը Գնիշիկ, Արենի, Խաչիկ համայնքներում իրականացնում է էկոլոգիական միջանցքների ինտեգրում եւ ընդլայնում՝ ընձառյուծի, հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի, գորշ արջի անվտանգ միգրացիայի համար: Խաչիկ գյուղը էկոլոգիական միջանցքի մի հատվածն է կազմում:
Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ հիմնադրամը WWF Armenia-ի հետ համատեղ կենսաբազմազանության զարգացման համար համայնքին 2013 թվականից անհատույց տրամադրում է պտղատու ծառեր, թեեւ, ինչպես Վարդան Ներսիսյանն է նշում, ոռոգման ջրի խնդիր ունեն: Նրա ձեւակերպմամբ, եթե ջրամբարի կառուցման հարցը վերջապես լուծվի, կկարողանան ոռոգել 200 հա տարածք, նաեւ 100 հա պտղատու այգի կհիմնեն: Նա հավաստիացնում է, որ ջրամբարի հարցը բարձրացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ: Ծախսն էլ համայնքի ղեկավարի հաշվարկով մեծ չէ` 1,5-2 մլն դոլար, բայց չէ՞ որ դրանով նպաստելու են երկրի դարպաս հանդիսացող համայնքի հզորացմանը:
«Հիմա համագործակցում ենք նաեւ Օքսֆամի հետ, որը չրագործության համար ֆինանսավորում է, եւ այս ծրագրով Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ հիմնադրամի հետ կառուցել ենք չրագործարան, որն այս տարվանից պետք է գործի: Հումքը մեր համայնքներից պետք է բերվի: Մտադրված ենք չրագործությունը զարգացնել: Նախկինում փորձել ենք գորգագործությունը զարգացնել, սակայն պահանջարկը մեծ չէր, մարդիկ էլ արագ արդյունք էին ակնկալում, մինչդեռ գորգագործությունը տեւական պրոցես է: Ցանկանում ենք, որ լուծվի նաեւ կանանց ներգրավվածությունը` աշխատատեղերի ստեղծման առումով»,-հավելում է մեր զրուցակիցը:
Նա նշում է, որ գյուղապետարանը գտնվում է մշակույթի տանը, որտեղ պարբերաբար մշակութային միջոցառումներ են անցկացվում, իսկ Գաթայի փառատոնն արդեն բարի ավանդույթ է դարձել Խաչիկում:
Գյուղում փոքրիկ սրճարան է գործում, որտեղ մարդիկ հատկապես երեկոները հավաքվում են, իսկ երիտասարդներին գյուղում պահելու համար Վարդան Ներսիսյանի համոզմամբ, նախ պետք է նրանց համար աշխատատեղ եւ ազատ ժամանակը հաճելի զբաղմունքով լցնելու հնարավորություն ստեղծել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի:
«Առավոտ օրաթերթ»
21.06.2017