Փորկապությունը չափազանց տարածված երեւույթ է: Հայտնի է նաեւ, որ փորկապությանը նպաստում է շատակերությունը: Փորկապության պատճառ կարող է դառնալ անսովոր դիրքում եւ կողմնակի անձանց ներկայությամբ աղիքների դատարկման անհնարինությունը, որը բնորոշ է խիստ անկողնային ռեժիմով հիվանդներին: Կղման ցանկության ճնշումը բնորոշ է նաեւ առավոտյան անկողնում երկար պառկելու սովորություն ունեցող, խաղերով տարվող անձանց:
Փորկապության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Փորկապության ինքնաբուժումն արգելվում է, քանի որ առավել հաճախ այն անարդյունավետ է, իսկ երբեմն՝ նաեւ վտանգավոր: Առանձին դեպքերում բժշկի նշանակած սննդի ճիշտ ռեժիմը ամբողջությամբ վերացնում է փորկապությունը: Եթե սննդակարգն արդյունք չի տալիս, բժշկի նշանակմամբ հարկավոր է կիրառել այլ մեթոդներ, այդ թվում՝ աղիքների գալարակծկանքը խթանող դեղանյութեր (հատկապես հաստ աղիքի տոնուսի անկման ժամանակ): Բժշկի նշանակմամբ կարող եք նաեւ կիրառել որոշ բնական միջոցներ:
Վերցնել անանուխի 20 գրամ տերեւներ եւ նույնքան եղինջի սերմ: Խառնուրդը լցնել 1 լիտր ջրի մեջ, եռացնել 15 րոպե եւ քամել, օգտագործել փորկապության ժամանակ:
Փորկապության ժամանակ լավ է օգնում նաեւ գետնամորին: 50 գրամ գետնամորու տերեւների վրա ավելացնել 1 լիտր ջուր, եռացնել 15-20 րոպե, թողնել սառչի, քամել եւ ըմպել ամբողջ օրվա ընթացքում:
Կարող եք դեղամիջոց պատրաստել գինարբուկի միջոցով: 10 գրամ այս դեղաբույսի վրա ավելացնել 30 գրամ սեւ թթի տերեւներ, աղալ, քամել, մզվածքից վերցնել 50 գրամ, խառնել 30 գրամ նռան մզվածք եւ օրը 4 անգամ ճաշի գդալով ընդունել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ օրաթերթ»
21.06.2017