Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարածքները վերցնում են, բայց այդպես էլ առանց օգտագործելու մնում են»

Հունիս 21,2017 22:11

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր 18 հարց: Հարցերից մեկով` ավագանին հաստատեց Վանաձոր համայնքի «Վանաձորի երգի թատրոն»  եւ «Նեցուկ ՀԶ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը:

Մինչ այժմ «Վանաձորի երգի թատրոնում» առկա էր 9.5 դրույք, որը սակայն կրճատվեց դառնալով 5 դրույք: Հաստիքների կրճատման արդյունքում Վանաձորի համայնքապետարանը տարեկան կխնայի մոտ 4 միլիոն դրամ: Իսկ «Նեցուկ ՀԶ» -ի 43 աշխատակիցներին ավագանու որոշմամբ ավելացավ եւս մեկը:

«Մենք Երգի թատրոնում կրճատումներ ենք նախատեսել, քանի որ հնարավոր է նույն թվաքանակով ապահովել նույն որակի աշխատանքներ: Իսկ աշխատանքների ծավալների ավելացման հետ զուգահեռ «Նեցուկ ՀԶ» -ում ավելանում է մեկ դրույք՝ աշխատանքային խմբի ղեկավար»,- այս մասին զեկուցեց Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Վահե Գրիգորյանը:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»  ՊՈԱԿ-ին 22.4 քմ մակերեսով տարածքն անհատույց տրամադրելուն: Մայիսի 30-ին կայացած նիստի ընթացքում ավագանին արդեն իսկ միաձայն կողմ էր քվեարկել նշված կազմակերպությանը տարածքը 3 տարի ժամկետով անհատույց տրամադրելուն, այսօր հարցը օրակարգ էր մտցվել խմբագրական ճշգրտումներ կատարելու նպատակով: Սակայն այս անգամ համայնքի ավագանու մի քանի անդամներ նշեցին, որ տարածքը կազմակերպությանը անհատույց կարելի է տրամադրել գոնե 1 տարի ժամկետով. «Մենք տեղյակ չենք, թե ի՞նչ գործունություն է ծավալում այդ կազմակերպությունը: Կարող ենք պայմանագիրը մեկ տարով կնքել, որից հետո տեսնենք, թե ինչ գործունեություն է ծավալել, արդյո՞ք արդյունավետ է, նոր հետո երկարացնենք»,- ասաց Գայանե Քալանթարյանը:

Վահե Դոխոյանն էլ առաջարկեց, պայմանագրի մեջ ավելացնել եւս մեկ կետ. «Պայմանագիր կնքելիս պետք է մենք կետ ունենանք, որ կարողանանք օրինակ որոշակի ժամանակ անց դադարեցնենք այն»:

Ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանն արձագանքեց, ասելով, թե տարածքներ տալիս են, սակայն դրանք նպատակին չեն ծառայում. «Տարիներ շարունակ վարձակալությամբ կամ անհատույց տարածքներ ենք տալիս, բայց հետադարձ կապը չենք պահում, թե այդ մարդիկ ինչ են անում: Տարածքները վերցնում են, բայց այդպես էլ առանց օգտագործելու մնում են: Շատ գեղեցիկ ծրագրեր են ներկայացնում, բայց ոչ մի բան չեն անում»:

Երկար բանակցություններից ու քննարկումներից հետո համայնքի ավագանին հարցը ընդունեց՝ 13 կողմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930