Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվություն ստանձնել՝ պաշտպանելու ձերբակալված անձանց իրավունքները

Հունիս 21,2017 21:40

ԵԽԽՎ՝ Ադրբեջանի գծով համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) 2017թ. հունիսի 12-14-ը եղել են Բաքվում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և արդարադատության նախարարի, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության, գլխավոր դատախազի տեղակալի, սահմանադրական և գերագույն դատարանների նախագահների, պետանվտանգության ծառայության ղեկավարի և մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Համազեկուցողները հանդիպումներ են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, վերջերս բանտերից ազատված այլախոհների, իրավաբանների և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ:

Այցի ընթացքում համազեկուցողները քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը: Մասնավորապես, նրանք ողջունել են 2016թ. որոշ այսպես կոչված «քաղբանտարկյալների» ազատ արձակումը և միաժամանակ մտահոգություն հայտնել վերջին ամիսներին նոր ձերբակալությունների կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ 2017թ. ընթացքում ավելի շատ մարդ ազատ կարձակվի:

Համազեկուցողները շարունակել են իրենց նախորդ քննարկումները Ադրբեջանի արդարադատության համակարգի հարցերի շուրջ: «Արդարադատության համակարգը պետք է լինի իրապես անկախ, անկանխակալ, անկաշառ և ազատ արտաքին միջամտությունից»,- ասել են համանախագահները: Նրանք շեշտել են իշխանությունների տարանջատման առանցքային սկզբունքները և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանի վերահսկող գործառույթի կարևորությունը:

«Քրեական արդարադատության համակարգը պետք է լինի թափանցիկ, պատասխանատու և հարգի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև կողմերի հավասարության սկզբունքը»,- ասել են համազեկուցողները՝ հույս հայտնելով, որ դատական համակարգը շուտով կբարելավվի:

Համազեկուցողները նաև անդրադարձել են ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման հարցերին՝ մտահոգություն հայտնելով թվային տարածքում խոսքի և մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ:

Անդրադառնալով ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովի մահվանը, համազեկուցողները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվություն ստանձնել՝ պաշտպանելու ձերբակալված անձանց իրավունքները և արդյունավետ հետաքննություն անցկացնել բլոգերի մահվան հանգամանքները պարզելու համար:

Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ համազեկուցողների նախնական զեկույցը կներկայացվի 2017թ. սեպտեմբերին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930