«Մենք գոլերի էինք սպասում, բայց ականատես եղանք ինքնագոլերի»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսպես անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ պատասխանելով նրան:
Արփինե Հովհաննիսյանի պատասխանը ֆուտբոլային բառապաշարով էր. «Քանի որ ես ֆուտբոլի նկատմամբ անտարբեր չեմ, չեմ կարող չանդրադառնալ այս հարցին։ Ես կարծում եմ, որ ՀՀ ժողովրդին պետք է իրապես հերոսի կոչում տալ, նրա համար, որ հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ լսելով ֆանտաստիկ, երբեմն՝ գիտաֆանտաստիկ, գրանդիոզ ելույթներ, այդուհանդերձ չկորցրեց կողմնորոշվելու ունակությունը եւ ֆուտբոլային լեզվով ասած՝ իր վրա վերցրեց արբիտրի՝ մրցավարի դերակատարությունը: Ըստ էության, արձանագրեց՝ խաղադաշտի որ մասում գրանցվեց գոլ, որում՝ ինքնագոլ, իսկ որտեղ ընդհանրապես խաղից դուրս վիճակ»։
ԱԺ-ում հարցադրումներ եղան, թե ում ծրագիրն է սա, եթե 5 տարվա ծրագիր է ներկայացվում, բայց պարզ չէ, թե 2018-ին ով է լինելու վարչապետ: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ եթե 5 տարվա ծրագիր են ներկայացրել, դա քաղաքական թիմի ծրագիրն է, ոչ թե ամբիցիոզ է, այլ օրինաչափ. «Իրականում կարծում եմ, որ այստեղ կարեւոր պնդում է պետք անել՝ կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշում ձեւավորելիս անչափ կարեւոր է նախնական տրամադրվածությունը։ Դու հակված ես այդ կառավարության ծրագրում տեսնել դրույթներ, որոնք քեզ հիմք են տալու, որպեսզի դու կո՞ղմ քվեարկես, թե՞ տեսնել դրույթներ, որոնք քեզ որոշակի սուբյեկտիվ կամ օբյեկտիվ հիմնավորումներով հիմք են տալու, որպեսզի դու դեմ քվեարկես։ Իրականում կարծում եմ ՀՀ քաղաքացուն այս ծրագիրն այնքանով է հոգեհարազատ, որ այստեղ ինքը կարող է տեսնել բազմաթիվ դրույթներ իր կյանքի որակի բարելավման համար, որոնք հիմք կտան իրեն` կողմ քվեարկել այս ծրագրին»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ