Հունիսի 21-ին լրացավ Ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակը:
Քառորդ դար առաջ՝ երկրի համար բախտորոշ տարիներին, Զորքերը պատվով կատարեցին հասարակական անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար խնդիրներն ու ծանրակշիռ դեր ունեցան մեր սահմանների պաշտպանության գործում: Եվ այսօր մեզ ու աշխարհին ներկայանում են որպես հերոսական կենսագրություն ունեցող, ծառայողամարտական բարձր պատրաստականություն ցուցաբերող, տեխնիկապես հագեցած ու մշտապես նորացող օրինապահ կազմավորում:
Հոբելյանական արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ, հյուրեր:
Հանդիսության մասնակիցները ծանոթացան զինտեխնիկայի և հատուկ միջոցների նմուշներին, որոնցով վերջին շրջանում հագեցվել են ոստիկանության զորքերը:
Այնուհետև ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողությունն էր:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հուշարձանի հեղինակ քանդակագործ Հովիկ Կոստանյանը պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Հանդիսությունն սկսվեց ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցով:
Հոբելյանի առթիվ Զորքերի անձնակազմին ողջույնի խոսքով դիմեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության զորքերի քառորդդարյա ուղին արժևորեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մի խումբ զինծառայողներ ծառայողական և մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար և ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության զորքերի կայացման ընթացքին և առաքելությանը:
Ոստիկանության պետի հրամանով՝ ծառայողական և մարտական բարձր պատրաստականության համար և հոբելյանի առթիվ Զորքերի մի շարք զինծառայողներ արժանացան խրախուսանքների:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված արարողություններն ավարտվեցին հանդիսավոր երթով, որին հաջորդեց պատվո պահակախմբի ցուցադրական ելույթը:
ՀՀ Ոստիկանություն