Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորի համայնքի ավագանու անդամները թափանցիկություն են պահանջում

Հունիս 21,2017 17:31

Այսօր Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու այս նստաշրջանի վերջին նիստը: Ներկա էին Հայաստանի Հանրապետական կուսակցության ու Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների ավագանու 15 անդամներ: Նախորդ նիստերի պես այս անգամ էլ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների խմբակցությունների անդամները նիստին չէին ներկայացել:

Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը ավագանու անդամ Արմեն Մատինյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեց, թե որ փուլում են գտնվում քաղաքի ճանապարհների ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները:

«Մենք բոլորս գիտենք, որ այդ աշխատանքները շատ դժվար են գնում: Ինձ հետաքրքրում է, թե մեր համայնքն արդյոք ժամանակի՞ն է կատարում իր ֆինանսական պարտավորություններն ասֆալտապատող կազմակերպությունների նկատմամբ, եւ երկրորդ, եթե կատարում է, հնարավո՞ր է այդ գործընթացը դարձնել թափանցիկ, եւ հրապարակվի, որ հանրությունը տեղյակ լինի, թե որ փողոցը երբ է ասֆալտապատվելու»:

Հարցին ի պատասխան քաղաքապետն ասաց, որ համայնքն իր ֆինանսական պարտավորությունները կատարում է պատշաճ կարգով. «Համայնքն ամբողջությամբ եւ նույնիսկ ավանսով իր ֆինանսական բոլոր պարտավորությունները կատարել է, եւ ըստ պայմանագրի կատարողականից մի փոքր էլ ավել ունենք վճարում կատարած: Մայիս ամսվա համար պատճառաբանվում էր եղանակային պայմանները, բայց հիմա կարծես թե աշխատանքները կատարվում են»:

Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից քաղաքի ճանապարհների համար հատկացված 300 միլիոն դրամով պայմանավորված, այս պահին ընթանում են քննարկումներ, թե առաջիկայում որ փողոցներում ինչ աշխատանքներ պետք է կատարվեն:

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանին էլ հետաքրքրեցին աղբահանություն իրականացնող նոր կազմակերպության աշխատանքները: Վերջինս առաջարկեց հանդիպում կազմակերպել կազմակերպության ներկայացուցիչների եւ համայնքի ավագանու անդամների հետ. «Ես կցանկանայի այստեղ եւս թափանցիկություն լիներ, մենք իմանայինք կատարվելիք աշխատանքների մասին: Տեսնում ենք, որ որակային որոշ տարբերություն կա, բայց բավարար չէ, թափանցիկություն է անհրաժեշտ»:

-Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք իրենց հետ: Աղբահանության մեջ որակական փոփոխություններ կան, սանմաքրման հետ կապված որոշակի թերություններ կան, հիմա շտկման փուլում են: Աշխատանքների որակի փոփոխությունը պետք է բերի բնակչության դժգոհության պակասեցմանը: Եվ, երբ ավագանին ցանկություն կհայտնի, որ ուզում է իրենց հետ հանդիպել, կհրավիրենք եւ ձեր հարցերը կարող եք տալ,- ասաց համայնքի ղեկավարը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930