Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը պատերազմի եզրին է». «Նեզավիսիմայա գազետա»

Հունիս 21,2017 17:12

Արցախի շփման գծում հերթական սրացման հետևանքով հայկական կողմը երկու օրվա ընթացքում կորցրել է 4 զինծառայող։ Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը լռեցվել է։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդկերպ Ադրբեջանը պատասխանել է միջազգային հանրության խաղաղության կոչերին, իսկ Արցախի Հանրապետության ղեկավարությունը Բաքվին մեղադրել է ահաբեկչության մեջ և խոստացել համարժեք պատասխան տալ, գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը։

Ստեփանակերտը հայտարարում է, որ ադրբեջանական կողմը նռնականետեր է կիրառել։ Շփման գծում հերթական լարվածությանը նախորդել էին Նախիջևանում թուրք-ադրբեջանական, իսկ Վրաստանում` թուրք-վրացական խոշոր զորավարժությունները։

Իր հերթին Արցախի բանակն էլ է զորավարժություններ անցկացնում, շարունակում է թերթը։ Արցախի ղեկավարությունը հավաստիացնում է, որ ռազմական գործողությունների ծավալման դեպքում Ադրբեջանը արժանի պատասխան կստանա։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ կհաղթի խոհեմությունը, բայց հույս գրեթե չկա։ Երևանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ամեն անգամ սրացման է գնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից առաջ։ Միջնորդների վերջին հայտարարությունները կրում են հասցեական բնույթ. Հրադադարի խախտման մեջ մեղադրվում է ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմի գործողությունները համարվում են պատասխան։ Երևանում կարծում են, որ նույն կողմն է ուղղվում նաև Մոսկվայի տոնայնությունը` հաշվի առնելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հաճախակի է սկսել հիշել Արցախի բնակչությանը։ Սակայն այդ ամենն առայժմ Բաքվի վրա չի անդրադառնում։

Արևմտյան ինստիտուտների հայտարարությունների նկատմամբ Ադրբեջանի անտարբեր վերաբերմունքն ընդունել է ցուցադրական, եթե ոչ սադրիչ բնույթ, գրում է թերթը։ Դա բավականին վառ արտահայտվեց Թբիլիսիից ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման դեպքով։ Նրան ազատ արձակելու Արևմուտքի կոչերին ի պատասխան` Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջեց հարցը չքաղաքականացնել։ Արցախի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կոչերին ի պատասխան Բաքուն առաջ է բերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը` հայտարարելով, որ իր համբերությունն անսպառ չէ։

Միջնորդների և միջազգային հանրության առավել արդյունավետ գործողությունների անհրաժեշտության մասին խոսում է նաև հայկական կողմը։ Այսպես, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը Facebook-ի իր էջում մտահոգություն է հայտնել արևմտյան գործընկերների լռության կապակցությամբ, քանի որ առայժմ ոչ մեկը չի արձագանքել շփման գծում հայ զինվորների զոհվելու փաստին։

Մյուս կողմից սրվում են տրամադրությունները երկու երկրների հասարակություններում, որոնք մինչ այդ էլ չէին առանձնանում փոխադարձ բարիդրացիությամբ։ Ադրբեջանական կողմի լիբերալ սեգմենտը սոցցանցերում չնայած որոշակի կարեկցանք հայտնում է 4 հայ երիտասարդ զինվորների մահվան կապակցությամբ, բայց դա ուղեկցվում է այնպիսի հայտարարություններով, որ նրանք «զոհվել են տնից հեռու` օտար հողում»։ Հայկական հասարակության մեջ գնալով ավելի շատ են սկսել խոսել այն մասին, որ իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, խոսում են նաև պատասխան ու կանխարգելիչ հարվածների անհրաժեշտության մասին։ Այդ կարծիքն ամրապնդվում է պատմության հիշողություններով, երբ դրսից օգնության ակնկալիքները վերածվեցին ցեղասպանության, տարածքային կորուստների, ինչպես նաև որպես օրինակ բերում են որոշ ժամանակակից պետությունների հաջողությունը, որոնք առաջնորդվում են սեփական ազգային շահերով, ոչ թե այլ երկրների հուշումներով։

Երկու երկրների փորձագիտական հանրություններում սպասումները տագնապալից են: Երկու ժողովուրդները դարձյալ պատերազմի եզրին են։

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930