Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովն անհասանելի է, ո՞վ գիտի, թե որտեղ է նա»․ Ավետիսյանների սպանության գործով գանգատ կներկայացվի Եվրադատարան

Հունիս 21,2017 17:07

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ավետիսյանների սպանության գործով Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախապատրաստվում են գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ արձանագրվել են կոնվենցիայի խախտումներ։

Արայիկ Զալյան

Արայիկ Զալյանի մեկնաբանմամբ․ խախտումները հիմնականում կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակում են։ Ըստ այդ հոդվածի, քննությունը պետք է հանգեցներ մեղավորների բացահայտմանը, պատշաճ և իրական պատժի նշանակմանը, որը և չի արվել։ «Բոլորս ականատես եղանք, որ ամբողջական մեղավորները չբացահայտվեցին, և մի շարք հարցեր մնացին անպատասխան, կարևորագույն միջնորդություններ, որոնք որ պետք է քննարկվեին և քննություն կատարվեր, նույնպես չկատարվեցին։ Բացի դա, պատիժը պատշաճ ու համարժեք չի եղել, տեսանելի չէ, հասանելի չէ, մենք չգիտենք Պերմյակովը ՌԴ-ում պատիժ է կրո՞ւմ, չի՞ կրում, կոնվենցիայի մի քանի խախտումներ կան, հիմնական խախտումը վերաբերում է 2-րդ հոդվածին։

Բազմաթիվ խախտումներ կան թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ Ռուսաստանի Դաշնության կողմից, մենք նախապատրաստվում ենք գանգատ ներկայացնել երկու պետությունների դեմ։ Կոնվենցիայով կյանքի իրավունքի շրջանակներում պետությունը պարտականություն ունի ապահովելու յուրաքանչյուրի կյանքի նկատմամբ վտանգը, իսկ կոնկրետ այս գործի շրջանակներում ռուսական կողմին հայտնի է դարձել, որ Պերմյակովն ինքնակամ լքել է ռուսական զորամասը՝ ունենալով իր ձեռքի տակ ինքնաձիգ՝ լիցքավորված փամփուշտներով, սրա վերաբերյալ հայկական կողմին հայտնել էր ժամեր անց։ Այսինքն` այդ գործողությունը կանխելու համար ոչ մի քայլ չէր կատարել։ Բացի այդ, արդյունքում որևիցե անձ պատասխանատվության չենթարկվեց, նույնիսկ այն դեպքում, երբ արձանագրված էր, որ տվյալ թերությունը, տվյալ խախտումը եղել է ռուսական կողմում։ Մի խոսքով նախապատրաստվում ենք գանգատ ներկայացնել, երբ վերջնական պատրաստ լինի, ավելի մանրամասն և ավելի հիմնավորված կխոսենք խախտումների մասին»,- ասաց Արայիկ Զալյանը։

Մեր հարցին՝ Վալերի Պերմյակովից որևէ տեղեկություն ունե՞ք, թե Ռուսաստանի Դաշնության կոնկրետ որ քաղաքում, որ քրեակատարողական հիմնարկում է կրում իր պատիժն, Արայիկ Զալյանն ասաց․ «Վերջերս արդարադատության նախարարությունը հրապարակում կատարեց, որ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Այլ տեղեկություններ չունենք, չկան տեղեկություններ, թե կոնկրետ ուր է տեղափոխվել, նույնիսկ երբ ինքը գտնվում էր այստեղ՝ 102-րդ ռազմաբազայում, հասանելի չէր նույնիսկ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի համար։ Նույնիսկ իր փաստաբանի համար էր անհասանելի, ուր մնաց այս դեպքում․․․

Հնարավոր չէ տեսնել՝ կրո՞ւմ է պատիժ, թե՞ ոչ, երկրորդն էլ՝ եթե հիշում եք, Վերաքննիչ դատարանում խնդիր առաջացավ․ իրարարամերժ դիմումներ էր ստացել դատարանը Պերմյակովից։ Մի դեպքում ինքն ընդունում էր պաշտպանի վերաքննիչ բողոքը, մի դեպքում հրաժարվում էր բողոքից, մի դեպքում էլ հրաժարվում էր ընդհանրապես դատարան գնալուց։ Եվ մենք պնդեցինք, որ պետք է բերեն դատարան, դատարանն ասաց՝ պաշտպանը կարող է գնալ և հանդիպել, բայց բոլորս էլ ականատես եղանք, որ նման բան տեղի չունեցավ։

Այսինքն` կարող ենք արձանագրել, որ տվյալ ժամանակահատվածում պաշտպանի հետ հանդիպումը եղել է միայն առաջին ատյանի դատարանում՝հարցաքննությունների շրջանակներում։ Մնացած դեպքերում հնարավորություն չի ունեցել հանդիպել։ Նա գտնվում էր մի վայրում, որտեղ որ հնարավոր էր ենթարկվեր ճնշումների, բռնությունների, հետապնդումների, որովհետև չենք կարող բացառել, որ այդ հանցագործության ենթադրյալ մասնակիցները լինեին զորամասի ներսում։ Հնարավոր է նրան վախեցնեին, որ նման իրարամերժ դիմումներ ներկայացներ դատարան կամ իր դրսևորած վարքագիծը դատարանում լիներ ուղղակի այն բանի հետևանք, որ ինքը ռազմաբազայում է։ Իսկ ռազմաբազան քրեակատարողական հիմնարկ չէ, նրան նման վայրում կարող էին ընդամենը 72 ժամ պահեն, ոչ ավելի, բայց պահեցին մինչև դատաքննության ավարտը։

Ինչ վերաբերում է, թե ներկայումս որտեղ է գտնվում, այն ժամանակ, երբ այստեղ էր գտնվում, ես կասկածներ ունեի, թե գտնվում է զորամասի տարածքում, ինչ մնաց որ Ռուսաստանի հետ կապված ասենք, թե որտեղ է գտնվում կամ փորձենք հավաստի տեղեկություններ ձեռք բերել կամ ճշտել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930