Հարգելի պարոն Մակարյան,
16.06.2017 թվականի Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում դահլիճում ներկա էին ոչ պատշաճ վարքագծով անձիք: Չէր աշխատում էլեկտրոնային համակարգը, նիստերի դահլիճում արգելափակված էր հեռահաղորդակցությունը և համացանցային կապը, իսկ Երևանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am) չէր իրականացվում առցանց ուղիղ հեռարձակումը, ինչը Երևանի ավագանու կանոնակարգի մի շարք դրույթների խախտում է (հոդվածներ 108,114,120):
Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ մանրամասն տեղեկատվություն տրամադրել հետևյալի վերաբերյալ.
Հաշվիչ էլեկտրոնային համակարգ
1. Որքա՞ն ժամանակ է (նշել ամիսը, ամսաթիվը և տարեթիվը) քաղաքապետարանում ներդրված հաշվիչ էլեկտրոնային համակարգը։
2. Ի՞նչ քանակությամբ ու տեսակի տեխնիկայից է այն կազմված:
3. Որքա՞ն գումար է հատկացվել այն ձեռք բերելու համար:
4. Որքա՞ն տարեկան գումար է հատկացվում դրա սպասարկման համար։
5. Կա արդյո՞ք վիճակագրություն, թե քանի անգամ է նախկինում անխափան գործարկվել այս համակարգը։
6. Ինչու՞ այն չէր աշխատում 16.06.2017 թվականի Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ։
7. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս խնդիրը լուծելու համար։
Արգելափակված հեռահաղորդակցություն և համացանցային կապ
1. Ի՞նչ հիմքով և պատճառաբանությամբ էր 16.06.2017թ. Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ նիստերի դահլիճում արգելափակված հեռահաղորդակցությունը և համացանցային կապը:
2. Տրամադրել տեղեկատվություն տեխնիկական խնդիրների վերաբերյալ, որոնց պատճառով yerevan.am կայքի ուղիղ եթերում չէր հեռարձակվում Երևանի ավագանու 06.2017թ. արտահերթ նիստը:
Նիստին ներկա անձանց վերաբերյալ տեղեկատվություն
Մանրամասն ներկայացնել Երևանի ավագանու նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պաշտոնները և նշել, ո՞ր իրավական ակտի հիման վրա են նիստերի դահլիճ հրավիրվում (ներկա գտնվում) նրանք:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար