Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մովսիսյան. «Ինձ Երեւանում մերժում էին դահլիճ տրամադրել» (Տեսանյութ)

Հունիս 21,2017 16:46

Ամերիկաբնակ երգիչ- երգահան, հեղինակային երգի վարպետ Արմեն Մովսիսյանը օրերս համերգներով հանդես է եկել Ստեփանակերտում ու Բերձորում, հունիսի 23-ին էլ հանդիպում կունենա Գյումրիում: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստան գալու միտքը ծնվել է եվրոպական շրջագայության ժամանակ:

Արմեն Մովսիսյանի ձեւակերպմամբ, ամենածանրը Երեւանի ծրագիրն իրականացնելն էր, քանի որ իրեն մայրաքաղաքում անընդհատ հրաժարվել են դահլիճ տրամադրել համերգի համար:

Մեր հարցին` ի՞նչ պատճառաբանությամբ չէին տրամադրում, Արմեն Մովսիսյանը պատասխանում է. «Ցանկալի չլինելու պատճառով, անընդհատ շեշտադրվում էր որ ո’չ քաղաքական երգեր հնչեցնել: Դա ծիծաղելի էր, ո՞նց կարող է երգը լինել քաղաքական կամ ոչ քաղաքական…Ցավոք, ներքին ճորտը անընդհատ նստած է մեր մեջ, ուզում ենք ապահով զգալ, զգույշ լինել, եթե որեւէ մեկը ոչինչ չի էլ ասել: Մի խոսքով, ուղղակի դահլիճ չէին տրամադրում Երեւանում, ինձ մերժում էին: Վերջապես Պարոնյան թատրոնում դահլիճ տրամադրեցին, ապա համերգները կայացան Ստեփանակերտում եւ Բերձորում:

Ծննդավայրումս` Գյումրիում կլինի հանդիպում նաեւ ունկնդրի հետ: Ափսոսում եմ, որ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին մահամերձ վիճակում է, բառացիորեն մարդ չի մնացել, չգիտեմ, թե համերգը ինչպես է անցնելու: Այս ամենով հանդերձ, հայաստանյան համերգային մասը կհամարենք փակված, կգնանք, կփորձենք էլի օգտակար լինել մեր հայրենիքին հեռվից»:

Արմեն Մովսիսյանը տարօրինակ տպավորություն է ստացել. «Թվում է` անընդհատ ուզում են անիվների տակ ինչ-որ բան գցել, մի վատ բան անել, ես էլ չեմ հասկանում թե ինչու, ու այդքա՜ն բառադի հայեր աշխարհով մեկ»:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան հարթակում «Հայրենիքիս» խմբին, Մովսիսյանի խոսքերով, այն ստեղծվել է անցյալ տարվա ապրիլյան դեպքերից անմիջապես հետո:

«Մի խումբ սրտացավ հայեր, միմյանց անծանոթ մարդիկ հավաքվեցին իրար գլխի, ու քանի որ կար վստահության պակաս պետական մարմինների հանդեպ` հավաքած միջոցները բանակին հասցնելու համար, մտավախություն կար, որ ազնվորեն հավաքված գումարները չեն հասնի հասցեատիրոջը, որոշեցինք ստեղծել խումբ, որը կունենա թափանցիկ հաշվետվություն եւ թափանցիկ գործունեություն բոլոր մասնակիցների համար: Խմբում բոլորը հնարավորություն ունեն հաշվառել մինչեւ վերջին ցենտը գոյացած գումարների եւ տեղեկանալ ինչպես են դրանք սպառվել:

Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց դեռ 20-30 հոգի էինք խմբում, հիմա 400-500: Պայմանը մեկն է` յուրաքանչյուրի կողմից ամսական ընդամենը 20 դոլար պետք է մուտքագրվի որպես ազգային տուրք: Հավաքագրած գումարներով որպես առաջին ծրագիր ավարտեցինք մեր ապրիլյան պատերազմում զոհված տղաների ընտանիքներին օգնությունը: Հուսանք, որ վաղը կդառնանք 1000-ներ ու ավելի շատ կօգնենք:

Հավաքագրված գումարներով որոշ աջակցություն ենք ցուցաբերել բանակին` քնապարկեր, համազգեստներ ձմեռային, սարքավորումներ եւ այլն ձեռք բերելու համար: Քանի որ համագործակցում ենք նաեւ «Հայրենասեր» խմբի հետ, որն իր ազնիվ գործունեությամբ մեզ գայթակղեց, որոշեցինք իրենց վստահել մեր գործունեության հայաստանյան մասը ու կենտրոնանալ ռմբապաստարան ստեղծելու ծրագրի վրա: Այն արդեն ավարտվել է: Միշտ կհամագործակցենք նրանց հետ, ովքեր 100 %-անոց թափանցիկ հաշվետվություն կկարողանան ներկայացնել ամեն ծախսած դոլարի համար»:

Երգչի հետ զրույցում անդրադարձ եղավ Հայաստանից դուրս ապրող այն հայերին, որոնք համակարգչի առաջ նստած հեռվից հեղափոխության կոչեր են անում, սովորեցնում ինչ-որ բան փոխել կամ խորհուրդներ տալիս, թե ինչպիսին պետք է լինի մեր երկիրը:

Իմ համոզմամբ, Հայաստանում ապրողների ներքին խնդիրն է, թե ինչ պետք է անեն: Ճիշտ է, ինքս էլ իշխանական որոշ թեւերի գործողությունների հետ համաձայն չեմ, բայց դրսից խորհուրդ տալ, օտար մի տեղում համակարգչի առաջ նստելը ու ուսուցչի նման ասելը, թե ինչ պետք է անել, ճիշտ չեմ համարում: Դա նույնն է, որ համացանցում զինվորին սովորեցնես, թե ինչպես պետք է սահմանը պահել: Կարո՞ղ ես օգնել, օգնիր, կարո՞ղ ես նպաստել, որ երկիրն ավելի լավը դառնա, նպաստիր, բայց դրսից խորհուրդ տալը արդյունավետ չէ, եւ ճիշտ չէ»,-պատասխանեց Արմեն Մովսիսյանը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930