«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի պաշտպան Հովիկ Արսենյանի վերաքննիչ բողոքն այսօր բավարարվեց մասնակի:
Հովիկ Արսենյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում էր Դավիթ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքն ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գրավի դիմաց ազատ արձակելու իր միջնորդության մերժումը:
Վերաքննիչ դատարանն այսօր թույլատրելի ճանաչեց գրավի կիրառումը: Հովիկ Արսենյանը դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց. «Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչեց՝ մեկ միլիոն դրամ վճարելու պայմանով: Կալանքը որպես խափանման միջոց գոյություն ունի, բայց այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառմամբ: Կարծում եմ, որ ողջամտությունը կհաղթի, եւ քրեական հետապնդումն էլ կդադարեցնեն Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ, քանի որ առարկայական եւ փաստական շատ ապացույցներ կան, որ այնտեղ զանգվածային անկարգություն չի կատարվել իր կողմից: Մնում է դատարանի որոշումը վերցնենք, վճարումը կատարվի, որ փաստաթղթերը տարվեն մեկուսարան՝ նրան բաց թողնելու համար: Հնարավոր է՝ այսօր էլ բաց թողնեն: Հարազատները աջ ու ձախ ընկած գումարն են հավաքում, որ դատարանի դեպոզիտ հաշվին վճարումը կատարվի»:
Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ, այն է ՝ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ