Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում խոսեց արդար ու խելացի Հայաստան ստեղծելու կառավարության տեսլականի մասին: Ըստ նրա, այն, որ դատական վեճերի թիվն ավելացել է, խոսում է այն մասին, որ մարդիկ վստահում են դատարաններին, ուստի համակարգը կայացման փուլում է:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ շուտով ԱԺ-ի դատին են ներկայացնելու Դատական օրենսգիրքը: Նա նշեց, որ դատական համակարգի հետ շաղկապված են փաստաբանների, նոտարիատի, ԴԱՀԿ-ի ինստիտուտները. «Այս առումով կառավարության ծրագիրը նախատեսել է մի շարք կարեւոր քայլեր: Զարգացվելու է անվճար կամ մատչելի իրավական օգնության ինստիտուտը, խոսքը վերաբերում է սոցիալապես խոցելի շերտերին: Ներդրվելու է փաստաբանի սխալի պատճառով վստահորդին հասցված վնասի ապահովագրության ինստիտուտը: Խթանելու ենք, որպեսզի նոտարական համակարգը հանդես գա՝ որպես վեճերի լուծման արտադատական մարմին»: Նոտարը պետք է կանխի ապագայում վեճերի առաջացումը, եւ սա կբերի դատարաններում գործերի բեռնաթափմանը:
ԴԱՀԿ-ին նոր գործիքներ են տալու, որ հնարավորինս սեղմ ժամկետում կարողանան արդյունավետ աշխատել, բայց խթանելու են դատական ակտերի կամավոր կատարումը:
Քրեակատարողական ոլորտին անդրադառնալով՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախկին ազատազրկվածների գործազրկությունը առաջնային նշանակություն ունի կրկնահանցագործության համար, սա նրանից է, որ նրանք չունեն համապատասխան մասնագիտական հմտություններ: Այդ հարցը կառավարությունը խոստանում է լուծել, որ ազատազրկվածը կալանավայրից դուրս գալուց հետո իր տեղը գտնի շուկայում:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախատեսում են ՔԱԿԳ-ի մարմնի կամ այսպես ասած զագսի ծառայությունները էլեկտրոնային դարձնել, քաղաքացիները շատ ծառայություններ կարող են ստանալ իրենց տանը՝ համակարգչից չհեռանալով:
Նախարարը վստահեցրեց, որ իրենց քայլերի արդյունքը լինելու է շոշափելի եւ հենց դա է լինելու զարգացման հաջողության գրավականներից մեկը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ