Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, որ ԼՂ հակամարտության լուծման մասին ադրբեջանական պատկերացումները փոխվեն

Հունիս 21,2017 16:07

«Պարզ է` մայիսի 18-ի հայտարարությունը, որտեղ նշված էր, թե ով առաջինը կրակեց, ավելի հասցեական էր: Այս վերջին հայտարարությունն ավելի չեզոք է, բայց, միևնույն է, պետք է փաստել, որ առաջինը նշեցին Ադրբեջանի սխալները»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա կարծում է, որ համանախագահող երկրները պետք է անցնեն նաև դատապարտողական քաղաքականությանը, որ Մինսկի խմբի հեղինակությունը չընկնի:

«Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, թե այն, որ մենք պատերազմական իրավիճակում ենք, պարզ էր ոչ թե ապրիլից հետո, այլ առնվազն 2014-ի օգոստոսյան կռիվներից հետո:

Դառնալով առաջնագծի կահավորումներին` պարոն Վրթանեսյանը փաստեց, թե «հրետանային հարվածներից տեսախցիկը ոչ մի կերպ չի պաշտպանում»:

Ըստ փորձագետի` կարող ենք արձանագրել, որ գոնե մի քանի ամիս ադրբեջանական կողմին չի հաջողվել դիվերսիոն գործողություններ անելը, փոխարենը սկսել են օգտագործել հրետանային միջոցներով հարվածները:

Հարցին հայկական կո՞ղմը, թե՞ Մինսկի խմբի համանախագահները պետք է անցնեն կանխարգելիչ գործողությունների, պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Մինսկի խմբի հայտարարություններից հետո Ադրբեջանում ջղային արձագանքներ էին հնչում, և ուղերձն այն էր, որ միջազգային հանրությունը մեր դեմ է: Ուստի քանի որ չեն կարող լայնածավալ պատերազմ սկսել, հայերին հյուծելու քաղաքականություն են վարում: Այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն Ադրբեջանում միանշանակ ընկալվում է` որպես հայամետ, այլ հարց է, որ իրականում մարդիկ մեղմ ու չեզոք ձևով, նաև Հայաստանին, ԼՀՂ իշխանություններին դիմելով`հավասարության նշան են դնում»:

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը փաստեց, որ Ադրբեջանին պետք է ուժային, ակնթարթային, այլ ոչ թե բանակցային մեթոդներով լուծում. «Իրենց պատկերացումներն այլընտրանքային լուծման մասին չեն փոխվի, մինչև չհասկանան, որ իրենց ռազմավարությունը չի աշխատում: Մինչ այսօր Ալիևին և իր շրջապատին թվում է, որ ուժային հարաբերակցությունն իրենց կողմն է և իրենց կամքը կարող են թելադրել հայկական կողմին»:

Ստեփան Գրիգորյանն առաջարկում է փոխել մեր մարտավարությունը դիվանագիտական և քաղաքական դաշտում. «Մենք հայտարարություններ ենք անում, որ պատրաստ ենք բանակցությունները վերսկսել, բայց մենք ոչ թե պետք է սպասենք, որ Ադրբեջանը պատրաստ լինի վերսկսելուն, այլ պայքարենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի հասցեական և դատապարտողական հայտարարություն անի»:

Ըստ պարոն Մարտիրոսյանի` հնարավոր չէ հաջողությունների հասնել նաև քանի դեռ ադրբեջանական հասարակությանը չի ներկայացվում, որ իրենք ունեն լուրջ կորուստներ, և դրանք կարող են լուրջ դերակատարություն ունենալ. «Միայն եթե տարածքային կորուստներ լինեն, դա կփոխի Ադրբեջանի պատկերացումները: Ադրբեջանական հանրությունը պիտի տեղյակ լինի կորուստների մասին, բայց մենք դեռ չենք հասնում դրան, թեև ինչ-որ չափով աշխատանք է տարվում սոցիալական մեդիայում:

Կարեն Վրթանեսյանն էլ նկատեց, եթե կորուստներն իրենց վրա չազդեին, դրանք չէին թաքցնի. «Մեր խնդիրը տեղեկատվական հարթությունում այն է, որ ճեղքենք իրենց պետական գրաքննության պարիսպը: Երբեմն աղմկահարույց դեպքերի ժամանակ, ինչպես, օրինակ, փետրվարի դիվերսիայի տեսանյութի տարածումը, ստացվեց, սակայն այս պահի դրությամբ դա պարբերական բնույթ չի կրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    Հայաստանը պետք է թուրքերեն լեզվով հեռուստացուցային քարոզչական մշակված ծրագրեր ունենա. սա «իսկենդեր»ից ավելի կարեվոր է.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930