«Ինչո՞ւ դրայվ չկա եւ այլն, դրանք գեղեցիկ ձևակերպումներ են, գնահատականներ, որ կարելի է գեղեցիկ խոսքի համատեքստում կառուցել և ասել՝ այս չկա, այն չկա»,-խորհրդարանում այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողներից մեկի հարցին` ինչո՞ւ կառավարության նոր ծրագրում դրայվ չկա:
Որ վարչապետն անհավես է ներկայացնում ծրագիրը, նկատել էր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Իմ տպավորությամբ անհավես չէր, ուղղակի ծրագիրն էր ներկայացնում»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Արփինե Հովհաննիսյանը նաեւ հավելեց`կառավարության նախորդ ծրագիրը, որի անմիջական պատասխանատուներից մեկն ինքն է եղել, ամբողջությամբ կատարված է: «Այս տեսակետից ուզում եմ ասել, որ նոր ծրագրի հիմքն ու բազան նախորդ ծրագրի կատարումն է: Օրինակ՝ եթե մենք ասում ենք 8.4 տոկոս սեփական եկամուտների աճ, դա նշանակում է 57 մլրդ դրամով մենք ավելի գումար ունենք, քան կանխատեսել էինք: Մենք չունեինք այդ գումարը տարվա սկզբին, չգիտեինք, որ այդքան գումար ավելի ենք ունենալու, կանխատեսել էինք այլ թիվ, այլ եկամուտներ: Մենք այսօր ունենք 57 մլրդ դրամի սեփական եկամուտների աճ, վարչապետն իր խոսքում նշեց, որ մենք այդ մասին գիտեինք նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, բայց ձեզանից որևէ մեկը ՀՀԿ որևէ ներկայացուցչից քարոզարշավի ընթացքում նման բան չի լսել»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանն աճ տեսնում է, այն էլ` տարբեր ոլորտներում: Ասում է`այդ աճը հենց նախորդ ծրագրի կատարման հիմքն է, ինչի վրա էլ կազմվել է նորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ