«Մեր փոքր հանրապետությունում ունենք 5-6 բժշկական կրթական հաստատություն եւ գաղտնիք չէ, որ այդ հաստատությունները չունեն լիարժեք գիտամանկավարժական ներուժ եւ իրենք պատրաստում են անորակ բժիշկներ»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում վարչապետին այսպիսի մտահոգություն հայտնեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը:
Նա ասաց, որ այդ բժշկական հաստատությունները շատ դեպքերում մատուցում են հեռակա ուսուցման ծառայություն ու խնդիրներ են ստեղծվում. «Տարվա սկզբին գիտեք մի քանի նախադեպ՝ կապված բժշկական մասնավոր հաստատությունների հետ, որ տրվել են դիպլոմներ մարդկանց, որոնք բացակայում են հանրապետությունից եւ չեն մասնակցել անգամ պետական քննությանը: Բայց այդ հարցը կոծկվեց եւ որեւէ միջոցառումներ տեղի չունեցան»:
Պատգամավորը հորդորում է այդ բժշկական հաստատությունները փակել: Եթե հավատարմագրում անցնեն, դա, ըստ տիկին Մարգարյանի, հարցը չի լուծի, քանի որ զուտ կոռուպցիոն համակարգ է գործում, տարբեր ձեւերով իրենց հարցը կլուծեն, կհավատարմագրվեն եւ կշարունակեն դաշտում գործել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ