Արմավիրի Արազափ գյուղի բնակիչ Սարգիս Սարգսյանը փաստի առաջ է կանգնել։ Նախորդ շաբաթ կարկուտից ու քամուց վնասվել է ջերմոցի պոլիէթիլենային ծածկը. «Ուժեղ քամի էր, կողքերը փորձեցի ծածկել, չհասցրեցի, տվեց տրաքցրեց։ Դե բերքը տաք տեղն ինքը աշխատում ա, քամին էլ որ խփի, ինչ պետք ա անի, խաշում փչացնում ա», ֊ պատմում է գյուղացին։
Նույնիսկ այս պարագայում, ի տարբերություն շատ համագյուղացիների, Սարգիս Սարգսյանի բախտը բերել է՝ բերքի մի մասը փրկվել է։ Բերքը չի քաղում, քանի որ մեծածախ գնորդ չկա։ Տանը կից հողամասում վարկային միջոցներով ջերմոցներ է սարքել, ահագին ծախս արել, բայց բերքը մնացել է թփին։ Սարգիս Սարգսյանը ասում է. «100-120 կիլո ցելոֆան ենք առել, ցելոֆանը քաշում ենք, վարում ենք, մշակում ենք, թելերին փող ենք տալիս, սերմին հատը 30 դրամ փող ենք տալիս, հոսանք ենք վառում, մշակում ենք, բերում հասցնում ենք բերան, չի վաճառվում»։