Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» դատավարություն. Խանդոյանը երգեց «Գինի լից»-ը, իսկ Գագիկ Եղիազարյանը հեռացվեց դահլիճից (Տեսանյութ)

Հունիս 21,2017 14:22

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատական նիստը բավականին լարված մթնոլորտում է անցնում: Հիշեցնենք, որ մեկ ժամ առաջ այն ընդմիջվել էր:

Մեղադրյալներին կրկին դատարան բերեցին, ապակե պատնեշից այս կողմ գտնվող հարազատները, տեսնելով Պավլիկ Մանուկյանին, բղավեցին՝ «հայդուկապետ», «Սասնա ծռեր»:

Արայիկ Խանդոյանն էլ՝ «Միայնակ գայլ»-ը, նիստերի դահլիճ մտնելով, սկսեց երգել «Գինի լից»-ը, իսկ «շուն թուրքերը փախան Բեռլին» երգելուց՝  մատնացույց անել դատախազներին:

Նրան մեկ այլ հայրենասիրական երգով միացավ մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանը:

Նիստը վերսկսվելուց հետո հարազատներն ու համակիրները պարբերաբար բղավում էին, դժգոհում, քանի որ դատավորի խոսափողից բացի՝ մնացածներն իրենց նպատակին չեն ծառայում, մեղադրյալների ձայները լսելի չեն:

Նիստին ներկա էին նաեւ այն փաստաբանները, որոնց կարգադրիչները ցանկանում էին զննել: Նրանք ասացին, որ իրենց չեն խուզարկել:

Դատավորը կողմերին բացատրեց իրենց պարտականությունները: Արայիկ Խանդոյանն ինչ-որ բան ասաց դատավորին, որը չլսվեց, ինչից հետո դատավորն ասաց, որ ինքը թույլատրել է տեսակցություն եւ հեռախոսազանգի հնարավորություն: Այս խոսքերի վրա ապակե պատնեշից այս կողմ գտնվող հարազատները կրկին բղավեցին՝ ասելով, որ մի քանիսին է ընդամենը թույլատրվել տեսնել հարազատներին:

Մեղադրյալներից Սմբատ Բարսեղյանը տեղից վերցնելով խոսափողը հայտարարեց՝ «դատական եւ օրենսդիր մարմիններ գոյություն չունեն, դրանք ստրուկի պես ծառայում են ռուսին ու թուրքին»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց հարգել դատարանին եւ հայտարարություն անելիս ոտքի կանգնել: Երբ դատավորը հետաքրքրվեց, թե կողմերից որեւէ մեկն իր ինքնաբացարկի միջնորդություն ունի՞, մեղադրյալներից Գագիկ Եղիազարյանն առանց ոտքի կանգնելու ասաց, որ իրենք գործող հանցակազմին արդեն իսկ բացարկ են հայտնել. «Բոլոր դատավորները ծառայում են նույն ռեժիմին»:

Գագիկ Եղիազարյանի հանդեպ դատավորը նախազգուշացում կիրառեց, ապա՝ տեղից կրկին խոսելու համար՝ դատական սանկցիա՝ վեց ժամով հեռացնել նիստերից: Նիստը կրկին ընդմիջվեց մեկ ժամով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930