Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն փողոցից եկած մի կազմակերպություն չէ»

Հունիս 21,2017 16:00

Հովհաննես Իգիթյանը հիշեցնում է՝ ՌԴ դեսպանի աղմկահարույց հայտարարությունից հետո իշխանությունները չասացին՝ ա՛յ դեսպան, դու ո՞վ ես, որ միջամտում ես մեր ներքին գործերին:
«Եթե ԵՄ աջակցությունն այլեւս ցանկալի չէ, մենք չենք պարտադրի, մենք հարգում ենք հայաստանցիների սուվերեն ընտրությունը, ոչ մի բան՝ ձեր կամքին դեմ, սիրելի ընկերներ»,- ահա այսպես երեկ հրավիրած ասուլիսում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին պատասխանեց ՀՀ իշխանությունների արձագանքին՝ ընտրությունների հետ կապված իր հայտնած գնահատականների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սվիտալսկին ասել էր, որ ընտրությունները կատարյալ չեն անցել, եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու, սպառնալիքի դեպքեր, ասել էր, որ ԿԸՀ կազմում լավ կլինի ընդգրկել քաղհասարակության ներկայացուցիչների, որ արժանահավատ լինի, ասել էր, որ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված լուծումներ գտնեն: Իսկ իշխանության ներկայացուցիչներն արձագանքել էին, թե դեսպանն իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանի որ Հայաստանը սուվերեն երկիր է, նաեւ հորդորել էին ազնիվ գնահատական տալ, գույները չխտացնել եւ այլն:

Երեկ Սվիտալսկին ակնարկեց, որ Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքները այլ տեղ են թաքնված, ոչ թե ԵՄ-ի հետ համագործակցության մեջ:

Այս առնչությամբ մենք զրուցեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ: Նրա խոսքով՝ «Այն մարդիկ, որոնք հայտարարել են, թե ԵՄ դեսպանի հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին խառնվել է, ինձ թվում է՝ նրանք տեղյակ չեն եղել դեսպանի ելույթից, եթե լսած լինեին, կտեսնեին, որ դեսպանի ելույթի մեջ բացի մտահոգությունից եւ բարի խորհուրդներից՝ որեւէ այլ բան չի եղել: Ինքը շատ հեռու էր Հայաստանի ներքին գործերին խառնվելուց: Պետք է հաշվի առնենք, որ ԵՄ-ն փողոցից եկած մի կազմակերպություն չէ, այն կազմակերպություն է, որը թե՛ խորհրդատվական մասով, թե՛ ֆինանսական, թե՛ առանձին ծրագրերով աջակցել է Հայաստանին հենց ՀՀ իշխանությունների խնդրանքով: Նրանք կցանկանային, որ իրենց բոլոր ջանքերը, այդ թվում՝ ֆինանսական ծախսերը էֆեկտիվ գործեին Հայաստանում, որ ամեն մի ներդրում լավ արդյունք տար: Այստեղ որեւէ միջամտություն չկա, նույնիսկ եթե ֆինանսական աջակցություն էլ չլիներ ԵՄ-ից, Հայաստանը եվրոպական տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ բազմաթիվ կոնվենցիաներ է ստորագրել, որտեղ կողմերը իրենց վրա պարտավորություն են վերցրել՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների, այդ թվում՝ ընտրությունների մասով: Ինձ թվում է՝ այդ աղմուկն իզուր բարձրացվեց, երեւի լավ չեն մտածել պատգամավորները կամ նախարարները»:

Ըստ պարոն Իգիթյանի՝ հակասություն է առաջանում՝ երբ որ մենք խոսում ենք ԼՂ-ի խնդրի մասին, չենք կարող ԵՄ-ին ասել՝ այնտեղ ձեր ներդրումները եւ աջակցությունը համարում ենք օգնություն, իսկ Հայաստանում՝ ներքին գործերին խառնվել. «Ինչ հայտարարություն էլ որ անեն կառավարության անդամները, դժվար թե ԵՄ դեսպանի եւ այլ բարձրաստիճան գործիչների կարծիքը ՀՀ-ի մասին փոխվի, իրենց մոտ կարծիք կմնա, որ Հայաստանում ոչ միայն չեն ուզում զարգանալ, այլեւ չեն ուզում նաեւ լսել իրենց խորհուրդները: Հիմա ԼՂ-ի հետ կապված իրավիճակը շատ է խառնվել, եւ ինձ թվում է՝ նաեւ ԵՄ-ի հետ պետք է բանակցենք եւ նույն այդ դեսպանին դիմենք, չեմ կարծում, որ նա նույն եռանդով կգնա Հայաստանին աջակցելու՝ այս ամեն ինչից հետո: Պարզ է, որ ԵՄ-ն մեզ պետք է»:

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ասել էր, որ Եվրախորհուրդը պոլիտբյուրո չէ, որտեղ որոշում էին կայացնում ու պարտադրում, կամ Գալուստ Սահակյանն ասել էր՝ Տիզբոն չէ, հիմա այս իշխանությունները նույն քաղաքականությո՞ւնն են շարունակում, միայն վերջին ընտրություններին 7 մլն եվրո ֆինանսավորած ԵՄ-ին ասում են՝ փողը տվեք, բայց մեզ թթու խոսք մի ասեք, մի քննադատեք, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Նախ միայն 7 մլն-ը չի, միլիարդի հասնող գումար է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, եւ դա շարունակվում է: Երբեք ԵՄ-ն պարտադրանքով եւ վերջնագրերով Հայաստանի հետ չի խոսել»:

Հովհաննես Իգիթյանը, ի հեճուկս Սվիտալսկու ելույթի, հիշեցրեց ՌԴ դեսպան Վոլինկինի այն հայտարարությունը, որով առաջարկում էր զբաղվել Հայաստանում ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ. «Որեւէ մեկը իշխանություններից չի ասել՝ ա՛յ դեսպան, դու ո՞վ ես, որ փորձես մեր քաղաքացիական կյանքին միջամտել, հազիվ մի քիչ առաջ ենք գնացել, իսկ ԵՄ դեսպանը բարի խորհուրդներով ելույթ ունեցավ, ու այդպիսի արձագանք: Ինձ թվում է, որ իշխանական մարդիկ գիտեն, թե ընտրությունները ոնց են անցել, համոզված եմ, որ որոշ մարդիկ իշխանություններից այդքան էլ գոհ չեն, եւ իրենց ներվայնանալը գալիս է նաեւ այդ հանգամանքից, որովհետեւ իրոք չափն անցել են: Նույն Դավիթ Հարությունյանը, թող չնեղանա, բայց իր ստեղծած համակարգով որեւէ ընտրատարածքում 10 ձայն էլ չէր հավաքի՝ ո՛չ ՍԱՍ-ի Արտակին կհաղթեր, ո՛չ Սամվել Ալեքսանյանին, ո՛չ Ավանում, ո՛չ Նորքում, որեւէ ռեյտինգային թեկնածուի չէր հաղթի: Իշխանության՝ կրթություն ունեցած, զարգացած ներկայացուցիչները այսօր զոհ են այն կիսակրիմինալ, կոռումպացված մարդկանց, ում օգնությամբ նրանք պառլամենտում կան եւ մեծամասնություն են կազմում: Այստեղ մտածելու շատ հարցեր կան, Հայաստանը չի կարող իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ, որ պառլամենտի կեսը այնպիսի մարդիկ են, որոնք կապ չունեն ոչ միայն պառլամենտի, այլեւ քաղաքականության հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»
21.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930