Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Մուկուչյան, Դուք այնքան հարգանք չունեցաք, որ լսեք, թե ինչ եմ ասում». միջադեպ` ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում

Հունիս 21,2017 14:12

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արտահերթ նիստում քննարկեց և մերժեց «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և նշված կազմակերպությունների դիտորդների կողմից մի շարք տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ներկայացված դիմումները։

Նշենք, որ բողոքով պահանջվում էր անվավեր ճանաչել թիվ 8/12, 8/1, 8/34, 8/16, 8/13, 8/36, 8/61 և այլ ընտրական տեղամասերի որոշումները: Սակայն ԿԸՀ-ն որոշեց, որ դրանք անվավեր ճանաչելու հիմքեր չկան:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց. օրինակ՝ բողոքի այն կետը՝ համաձայն որի՝ տարածքային ընտրական հանձնաժողովը կողմնակալ մոտեցում է դրսևորել դիտորդի պահանջի նկատմամբ, համարեց անհիմն:

Պարոն Մուկուչյանը պարզաբանեց, որ անհիմն է նաև բողոքի այն հատվածը, ըստ որի՝ տարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր էր քննարկել ընտրատեղամասում գրանցված խախտումները և դրանք ուղարկել իրավապահներին: Այս մասով ԿԸՀ-ն որոշեց, որ նշված խախտումների՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության մասին պահանջը վիճարկելու առումով հանձնաժողովի լիազորությունները սպառված են»:

Տիգրան Մուկուչյանը նաև հայտարարեց. «ԿԸՀ-ն գտնում է, որ դիտորդների նկատմամբ ճնշումներ կիրառելու մասով վարչական վարույթը կարճելն իրավաչափ է, հետեւաբար իրավաչափ է թիվ 8 ընտրական հանձնաժողովի որոշումը»:

ԿԸՀ-ն որոշեց տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ:

Բողոք ներկայացնող կողմը երեք օրվա ընթացքում ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկել վարչական դատարանում:

Բողոքաբեր կողմի ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցը հարց բարձրացրեց, թե, փաստորեն, ԿԸՀ դիրքորոշումն այնպիսին է, որ ուղղակի անիմա՞ստ է այս քննարկումը:

Պարոն Մուկուչյանն արձագանքեց. «Ըստ Ձեզ՝ ԿԸՀ-ն հիմա կարո՞ղ է որոշում ընդունել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին»։

Երանուհի Թումանյանցը հակադարձեց, թե այս բողոքը բերվել է մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը, սակայն չի քննարկվել: Մինչդեռ իրենք ունեին աղաղակող խախտումների մասին տվյալներ, ընդհուպ մինչև ճնշումներ ու սպառնալիքներ, որոնց ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա իրենց գնահատմամբ՝ լուրջ էր: Իսկ զուտ տվյալներն իրավապահներին ուղարկելը բավարար չէ:

Պարոն Մուկուչյանն այս առիթով պարզաբանեց, թե «դիմումների քննարկման որևէ ժամկետ ԿԸՀ-ն չի խախտել: Ավելին, փաստական հանգամանքները ներկայացված են եղել նաև ՍԴ-ին, որի դիմումը ձևավորված է եղել դիտորդների ներկայացրած հանգամանքների հիման վրա»։

Նիստի ընթացքում փաստաբան Արամազդ Կիվիրյանը պարբերաբար հայտնեց, թե ցանկություն ունի հայտարարությամբ հանդես գալու, սակայն Տիգրան Մուկուչյանը ոչ մի կերպ նրան չէր արձագանքում: Անգամ, երբ պարոն Մուկուչյանը նիստի ավարտին հարցրեց՝ հարցեր կամ ելույթ ունենալու ցանկություն հայտնող կա՞, ու երբ Արամազդ Կիվիրյանը հայտնեց իր ցանկության մասին, պարոն Մուկուչյանը կրկին չարձագանքեց՝ հայտարարելով նիստի ավարտի մասին:

Արամազդ Կիվիրյանը վրդովվեց. «Պարոն Մուկուչյան, ես ուզում էի հայտարարություն ներկայացնել, բայց Դուք ընդհանրապես չլսեցիք։ Դուք անհարգալից վերաբերմունք դրսևորեցիք: Դուք այնքան հարգանք նույնիսկ չունեցաք, որ լսեք, թե ես ինչ եմ ասում: Դա խոսում է Ձեր ընդհանուր գործելաոճի մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930