Aravot.am-ը Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվում Շիրակի մարզպետի պաշտոնը լքելուց հետո, անցե՞լ է արդեն այն նոր պաշտոնին, որը խոստացել էին ՀՅԴ-ականները։ Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի նոր մարզպետ Արթուր Խաչատրյանին մարզի պաշտոնյաների մոտ ներկայացնելիս՝ հայտարարեց, որ շուտով կլուծեն Հովսեփ Սիմոնյանի աշխատանքի հարցը, նրան անգործ չեն թողնի ու ուժերը կօգտագործեն այլ պաշտոնում։
Aravot.am-ի հարցին՝ անցե՞լ եք արդեն նոր, խոստացված աշխատանքին, Հովսեփ Սիմոնյանն ասաց՝ դեռ ոչ։ Նա, փաստորեն, դեռ սպասողական վիճակում է։
Հարցին՝ ինչո՞վ եք զբաղվում պաշտոնաթող լինելուց հետո՝ նախկին մարզպետն ասաց. «Տիկնոջս հետ շրջագայում ենք Հայաստանով մեկ, պտտվում ենք տեսարժան վայրերով, վայելում ենք հայրենիքի գեղեցկությունը։ Հարմար պահ է, մեկ տարի ու կես շատ ծանրաբեռնված եմ աշխատել, չեմ հանգստացել, հիմա ձեր հետ խոսում եմ ու նայում եմ Պարզ լճին և մտորում եմ։ Հիմա կհարցնեք՝ ինչի՞ շուրջ եմ մտորում, միանգամից ասեմ՝ հայրենիքի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ