«Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագրին: Այդ մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա այսպես բացատրեց իրենց որոշումը. «Պարոն վարչապետ, երբ դուք ներկայացնում էիք մեկ տարի առաջ կառավարության ծրագիրը, ես հարց տվեցի՝ պատրա՞ստ եք դուք կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Ցավոք սրտի, կամ ձեր ձեռքերը չեն հասել, կամ ձեզ ուղղակիորեն թույլ չեն տալիս կտրել այն ճյուղը, որի վրա նստած եք: Անօրինական շատ երեւույթներ հնարավոր էր վերացնել, ձեր ունեցած ժամանակը բավարար էր դրա համար: Դուք հայտարարեցիք, որ ամեն օր մենք գոլ ենք խփելու: Մենք գոլ չենք տեսել, տեսել ենք դեռեւս ինքնագոլեր՝ սեփական դարպասին»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, քարոզարշավի ժամանակ իրենց դաշինքի ներկայացրած 15 կետերն էին, որ իրապես իրատեսական հնարավորություն էին ստեղծում՝ երկրի տնտեսությունն այս կաթվածահար վիճակից դուրս բերելու համար, իսկ ՀՀԿ-ականներն ասում էին՝ դա իրատեսական չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ