ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը համակարծիք չէ այն ՀՀԿ-ականների հետ, ովքեր ասում են, թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին դիտողություն է անում մեզ: Նման կարծիք, հիշեցնենք, այսօր հայտնել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Գեւորգ Կոստանյանը կարծում է, որ դեսպանը կարծիք է հայտնել, իսկ կարծիքների փոխանակումը նորմալ է: «ԵՄ հետ բազմաթիվ քննարկումներ են եղել և կան, այդ թվում` նման փոխօգնության և տարբեր ծրագրեր իրականացնելու առումով, այդ քննարկումները լինում են բոլոր միջազգային կառույցների հետ, հետևաբար` կենտրոնանալ կոնկրետ այս իրավիճակի վրա, պետք չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով Պյոտր Սվիտալսկու ավելի վաղ ՀՀ ԿԸՀ-ի կազմը փոխելու հորդորին եւ այդ կառույցի նկատմամբ ՀՀ քաղաքացիների անվստահությանը, պարոն Կոստանյանը նկատեց. «Մեր երկրում ԿԸՀ կազմավորման կարգը, մեր օրենսդրության դրույթները ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն ապահովում են: Եթե դա հասարակական ընկալման տեսակետից արժանահավատություն չի ներշնչում, ես դրա հիմքերը չունեմ: Սվիտալսկու հայտարարության հիմքերն էլ չունեմ, որ հիմա գնահատական տամ»:
Ընդհանրապես, ըստ նրա, որևէ պետական անկախ մարմնի անկախության, ինքնուրույնության և արժանահավատության խնդիրը երկու ձևով է լուծվում. «Ինստիտուցիոնալ եղանակով, այսինքն` օրենքով ստեղծվում են այնպիսի երաշխիքներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են այդ մարմնի անկախությունը, անաչառությոնը և գործունեության ազատությունը, ինչն իր հերթին մեխանիկորեն հանգեցնում է արժանահավատության: Երկրորդ կարևոր հնարավորությունը` արդեն այնպիսի սուբյեկտներին, որոնք ինքնին են արժանահավատություն ներշնչում, այսինքն` սուբյեկտներն ինքնին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ