ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումը շարունակվում է: «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց՝ դուք նշեցիք բիզնես միջավայրի զարգացման մասին, բայց Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման թիվ մեկ խոչընդոտներից մեկը հովանավորչությունն է եւ կոռուպցիան, դրա հիմնական կրողները ձեր սիրելի կուսակցության խմբակցության ներկայացուցիչներն են, այստեղ նստած են, մի՞թե դժվար էր այսքան ժամանակ դա անել:
Գորգիսյանը նաեւ դժգոհեց, որ վարչապետը կրթության մասին խոսելիս «Թումո» կենտրոնի մասին է նշում, որը պետության հետ որեւէ կապ չունի, մեր պետական բուհերը համաշխարհային լավագույն բուհերի նույնիսկ 200-րդ տեղում չեն ու չկա որեւէ ծրագիր, թե կառավարությունն ինչ է անելու: Բացի այդ նա նշեց, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին կառավարության ծրագրում խոսք չկա, այն դեպքում, երբ դրամաշնորհներ էին մեզ խոստացվել՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար:
Կարեն Կարապետյանը չհամաձայնեց, որ ծրագիրը կոնկրետ չի, թվերով այն լցնելը, ըստ վարչապետի, նպատակահարմար չէ. «Ստվերի դեմ, կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակ համաձայն չեմ, որ մենք կողմնակալ ենք: Ավելին՝ մենք 8.4 տոկոս աճը որ ունեցել ենք ավել հավաքագրումների, 90 տոկոսը խոշոր բիզնեսից է գալիս: Որեւիցե դեպք դուք չեք կարող բերել, որ մեկին այսպես ենք վերաբերվել, մյուսին՝ այսպես: Չեմ ասում, որ հարկային-մաքային բոլոր հարցերը լուծել ենք»:
Ինչ վերաբերում է կրթական համակարգին, վարչապետն ասաց, որ «մենք «Թումոն» որպես լավ օրինակ ենք ցույց տվել՝ որպես մեր ժողովրդի ներուժ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ