Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես համոզողների մեջ չկամ». Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ համոզող ՀՀԿ-ականների մասին (Տեսանյութ)

Հունիս 21,2017 12:28

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը 2017-2022 թթ համար:

Նա նշեց, թե այս 9 ամիսներին ինչ են արել, կառավարության օպտիմալացման արդյունքում խնայել են միջոցներ, վերլուծություն են կատարել եւ այլն. «Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար մեզ պետք է ունենալ զարգացած տնտեսություն, տնտեսական զարգացումը բերելու է աշխատատեղ, որը մեր քաղաքացիներին ապահովելու է երկարաժամկետ, կայուն եկամուտ՝ կրթություն ստանալու , տուն կառուցելու, ընտանիք կազմելու, հանգստանալու եւ ամենակարեւորը՝ մեր երեխաների ապագան կերտելու հնարավորություն»:

Վարչապետն ասաց, որ պետք է ապահովեն ապրանքների եւ ծառայությունների արտահանման ավելացում՝ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելով 40-45 տոկոսի: 2017-ի առաջին 5 ամիսների արդյունքները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ ճիշտ ուղու վրա են, արդեն ունեն արտահանման 21 տոկոս աճ: Նա խոստացավ ՀՀ-ում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ գործարարն իրեն հարմարավետ զգա:

«Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանը հարցրեց գիտությանը հատկացված գումարների մոտ 7 տոկոս կրճատման մասին: Ըստ նրա, տարեցտարի նվազում է դեպի գիտություն գնալ ցանկացողների թիվը, ասպիրանտուրա գնացողների թիվը: Եթե մինչեւ վերջերս պետպատվերով շատ տեղեր էին թափուր մնում, ապա այս տարի տարկետման իրավունքով տեղերի 50 տոկոսը:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ փորձելու են այնպես անել, որ գիտնականները կարողանան ՀՆԱ-ի մեջ մասնակցել, կիրառական արդյունք տան եւ այնպես պիտի անեն, որ չգնան այլ երկրներում պրոդուկտ տան: Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ չունենալով նորմալ ֆինանսավորում, առանց այն էլ մեծ պրոդուկտ է տվել մեր գիտությունը: Սերգեյ Բագրատյանը նաեւ հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ ԳԱԱ շենքը ուզում են մասնավորեցնել ու վաճառել: Վարչապետը հարցին չպատասխանեց:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի՝ 2014-ի ապրիլի 10-ի հայտարարությունը, ըստ որի նա այլեւս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար եւ չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Փաշինյանն ասաց իր տպավորությունը, որ ՀՀԿ-ականները սկսում են Սերժ Սարգսյանին կարծես համոզել, որ նա այնուամենայնիվ, փոխի իր մտադրությունը եւ առաջադրվի վարչապետի պաշտոնում: Նա հարցրեց՝ «դուք այդ համոզողների թվո՞ւմ եք, թե՞ նրանց թվում չեք: Կհամաձայնե՞ք 2018-ի կառավարությունում լինել փոխվարչապետ, կամ, ասենք, տարածքային կառավարման նախարար: Խնդրում ենք պատասխանել՝ 2018-ին լինելո՞ւ եք վարչապետ, թե՞ ոչ, ես գրի կառնեմ ձեր ցանկությունը, որ հասկանանք ի վերջո»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պնդել, որովհետեւ հենց պնդում ես, դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը բավարա՞ր է: Ես չգիտեմ համոզողներ կան, թե չկան, բայց ես համոզողների մեջ չկամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930