Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով նիստը քիչ առաջ հետաձգվեց, քանի որ փաստաբաններից մի քանիսը չէին ներկայացել նիստին:
Հիշեցնենք, որ մոտ 1 ժամ առաջ մեղադրյալների պաշտպաններից Երվանդ Վարոսյանը, Արայիկ Պապիկյանը եւ Տիգրան Հայրապետյանը ներս չմտան դատարան, քանի որ չցանկացան, որպեսզի կարգադրիչները իրենց պայուսակները խուզարկեն: Նիստը կվերսկսվի 1 ժամից:
«Սասնա ծռեր» խմբի անդամների՝ դատական նիստի դահլիճ բերվելուն պես ապակիներով առանձնացված մասից այսկողմ գտնվող բարեկամներն ու համակիրները շարունակ բղավում էին նրանց անունները, վանկարկում՝ Սասնա ծռեր:
Նրանք դժգոհեցին, որ նիստի ընթացքում բարձրախոսները միացված չէին եւ ձայնը չէր լսվում, կարգադրիչներն էլ անընդհատ փորձում էին հասկացնել, որ եթե իրենք լռեն, ձայնը կմիացնեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ