Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեսկզբի հինգ ամիսներին ակտիվության աճը հասել է 6,4 տոկոսի

Հունիս 21,2017 12:18

Նախորդ ամիս տեւած պասիվացումից հետո մայիսին տնտեսական ակտիվությունը դարձյալ վերականգնվել է։ Վիճակագրական ծառայության՝ անցած օրը հրապարակած տվյալների համաձայն, տարեսկզբի հինգ ամիսներին ակտիվության աճը հասել է 6,4 տոկոսի։

Հիշեցնենք, որ չորս ամիսների ընթացքում այն կազմեց 5,7 տոկոս՝ առաջին եռամսյակի 6,6-ի դիմաց։

Թե ինչով էր պայմանավորված ապրիլի պասիվացումը, դժվար է ասել։ Կարեւոր է, սակայն, որ կարճ տեւեց։

Արդեն մայիսին վիճծառայությունն արձանագրել է տնտեսական գործընթացների աշխուժացում։ Այդ ամսին ակտիվությունը 8,9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։ Դա արտահայտվել է հիմնականում արդյունաբերության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում։ Հակառակ դրան, շարունակվում է անկումը գյուղատնտեսության եւ շինարարության մեջ։

Գյուղատնտեսության ոլորտի արտադրության ծավալը մայիսին գրեթե 5 տոկոսով զիջել է նախորդ տարվա մակարդակը։ Տնտեսության այս ճյուղում հինգ ամիսների անկումը եղել է 3,5 տոկոս։

Այն պայմանավորված է առաջին հերթին բուսաբուծության արտադրության կրճատմամբ։ Ենթադրվում է, որ այդ միտումը առաջիկա ամիսներին դեռեւս կպահպանվի՝ կապված հատկապես վերջին շրջանի կարկտահարությունների հետ, ինչի հետեւանքով գյուղացիական բազմաթիվ տնտեսություններ մեծ կորուստներ կրեցին։

Ամեն դեպքում՝ անցած տարվա ճշգրտումներով պայմանավորված՝ գյուղատնտեսության ոլորտի սպասելիքները տարեվերջին դրական են։ Ակնկալվում է շուրջ 3¬4 տոկոսի աճ։

Մայիսը եւս ոչնչով չի առանձնացել շինարարության համար։ Նախորդ տարվա համեմատ անկումը եղել է ավելի քան 9 տոկոս։ Շինարարության ծավալները տարեսկզբի հինգ ամիսներին 12,1 տոկոսով պակաս են եղել 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Ի տարբերություն մի շարք այլ ոլորտների, տնտեսության այս ճյուղը աշխուժացնելու կառավարության նախաձեռնություններն առայժմ որեւէ արդյունք չեն տալիս։ Շինարարությունը շարունակում է մնալ անկումային՝ բացասական ազդեցություն թողնելով տնտեսական ակտիվության տեմպի վրա։

Թեպետ, մյուս կողմից, հասկանալի է, որ այդ ոլորտում ակտիվությունը մեծապես պայմանավորված է հասարակության եկամուտներով։ Մինչդեռ այդ առումով տարեսկիզբն այնքան էլ հուսադրող չէ։ Հինգ ամսվա ընթացքում միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 1,9 տոկոսով։ Պետական հատվածում նույնիսկ անկում է գրանցվել։

Վիճծառայության տվյալները վկայում են, որ մայիսին ակտիվության բարձր մակարդակը վերականգնվել է հատկապես արդյունաբերության ոլորտում (20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը)։ Արդյունաբերությունը շարունակում է պահպանել երկնիշ աճի տեմպը։ Հինգ ամիսներին տնտեսության այս ճյուղում գրանցվել է 14,4 տոկոս աճ։ Դրան նպաստել են ներքին եւ արտաքին միջավայրի դրական փոփոխությունները, որոնք առկա են այս տարվա ընթացքում։ Թեպետ վերջին մեկ¬երկու ամիսներին արտաքին միջավայրում նկատվում են որոշակի ռիսկեր, այնուհանդերձ վիճակը շարունակում է մնալ անհամեմատ բարենպաստ, քան նախորդ տարի էր։

Ծառայությունների ծավալը տարեսկզբի հինգ ամիսներին ավելացել է 11 տոկոսով։

Շատ ավելի աշխույժ է առեւտուրը։ Խոսքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առեւտրի մասին է։

Երկու տարվա պասիվացումից հետո ներքին առեւտրի ցուցանիշները արագորեն վերականգնվում են։ Վիճծառայությունը գրանցել է ներքին առեւտրի գրեթե 13 տոկոսանոց աճ։ Իհարկե, դրանում մեծ է առաջին հերթին մեծածախ առեւտրի ազդեցությունը, որտեղ աճի միտումներն ավելի բարձր են։ Բայց դա չի նշանակում, թե մանրածախում աճ չկա։ Հինգ ամիսների տվյալները պարզ կլինեն ամսվա վերջին։ Մինչ այդ նշենք, որ տարեսկզբի չորս ամիսների ընթացքում մանրածախ առեւտուրը Հայաստանում ավելացել է 6,2 տոկոսով։

Ենթադրվում է, որ դա պայմանավորված է ոչ միայն հասարակության գնողունակության վերականգնմամբ, այլեւ հարկային վարչարարության ուժեղացմամբ։ Մի բան, որ ստիպել է բացահայտել ստվերային շրջանառությունների որոշ մասը։

Կտրուկ ակտիվություն է գրանցվել հատկապես արտաքին առեւտրի ոլորտում։ Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը եղել է ավելի քան 53 տոկոս։ Ակտիվ է եղել ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։ Թեպետ ներմուծման աճը շատ ավելի բարձր է։ Արձանագրվել է ներկրումների ռեկորդային ավելացում՝ մայիսին այն եղել է ավելի քան 61 տոկոս։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930