Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանին զարմացրել է Կարեն Կարապետյանի «անհավես, անէքսպրեսիա, անէմոցիա» ելույթը (Տեսանյութ)

Հունիս 21,2017 11:58

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը 2017-22թթ համար:

Տիգրան Ուրիխանյանը հարցրեց վարչապետին, թե ինչպես են հասնելու ԼՂՀ հակամարտության լուծման արդարացի, մեզ, Արցախի ժողովրդի համար ընդունելի եւ օբյեկտիվ տարբերակին: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ամբողջ կառավարության ծրագիրը ուղղված է մեր անվտանգությանը. «Ի՞նչ պետք է անենք, պետք է ուժեղ լինենք, որ մեզ հետ բանակցողը խոսի այն ձեւաչափով եւ այ տրամաբանությամբ, որը մենք ուզում ենք: Կունենանք լավ բանակցային դիրք»:

Նա ասաց, որ պատրաստ է լսել նաեւ պատգամավորների առաջարկները՝ բացը ծրագրում լրացնելու համար, բայց բանակցություններում իրենց բանաձեւերը կառավարության ծրագրում չէին գրելու:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին զարմացրել էր Կարեն Կարապետյանի «անհավես, անէքսպրեսիա, անէմոցիա ելույթը». «Դուք այսպիսին չէիք, երբ առաջին անգամ ծրագիրը ներկայացնում էիք: Ինչո՞ւ եք այդքան անհավես ներկայացնում ծրագիրը: Եթե դուք վստահ չեք այն բաների մեջ, որը ներկայացնում եք ԱԺ-ին՝ հավանություն ստանալու համար, ո՞նց եք մեզ համոզելու, կամ ոնց է ժողովուրդը հավատալու: Այնպիսի տպավորություն է, որ ձեզ քիչ առաջ ասել են, որ դուք չեք լինելու վարչապետը: Երկիրը սպասումների մեջ եք: Դուք նշանակվել եք, մոտ 1 տարի ժամանակ է անցել: Ասում էիք՝ ընտրություններ են, դրա համար լուրջ ռեֆորմներ չեմ կարողանում անել, հիմա ընտրություններն ավարտվել են, երկիրն էլի սպասումների մեջ է, որովհետեւ չկա մի շատ կարեւոր հարցի պատասխան, չկա այն հարցի պատասխանը, թե ով է լինելու 2018-ին վարչապետը: Եթե դուք եք լինելու, ասեք ես եմ լինելու, մենք իմանանք դուք եք հարցերը լուծողը, իմանանք ում հետ ենք խոսում»:

Հետո Էդմոն Մարուքյանը դժգոհեց, որ վարչապետը ժամանակ չի ունեցել խորհրդարանականներին ներկայացնելու կառավարության ծրագիրը, մինչ ամբիոնի մոտ ներկայացնելը: Եթե դրա համար վարչապետը ժամանակ չունի, ուրեմն չի կարող վարչապետ աշխատել, դա նրա թիվ մեկ պարտականությունն է, առավել եւս, որ խորհրդարանական երկիր ենք դառնում. «Խորհրդարանական երկրի վարչապետը ժամանակ չունի՞ ֆրակցիաների հետ հանդիպելու»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Անհավես չէի, չգիտեմ ոնց անեմ, որ նման տպավորություն չթողնեմ: Վարչապետ լինելու եմ, թե չէ՝ բազմաթիվ անգամներ պատասխանել եմ, պատասխանս չի փոխվել»: Ինչ վերաբերում է ծրագիրը խմբակցություններում չքննարկելուն, նա ասաց. «Ժամանակ չունեմ՝ նման ձեւակերպում չի եղել: Նախաձեռնողը ես եմ եղել, զանգել եմ ԱԺ նախագահին, ասել եմ,՝ պատրաստ եմ ֆրակցիաների հետ հանդիպել, կազմակերպեք: Ժամը 6-ին երեկ եղել եմ, ճիշտն ասած, ես զարմացա, որ «Ելք» դաշինքը չկար»:

Էդմոն Մարուքյանին չբավարարեց վարչապետի պատասխանը, նա կոնկրետ հարց դրեց՝ դո՞ւք եք լինելու վարչապետը, թե՞ ոչ, այո՞, թե՞ ոչ: Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դուք այսօր գործ ունեք ՀՀ վարչապետի հետ: Տենց կարող եք՝ 18-ին դուք եք լինելու, 19-ին դուք եք լինելու, դա ի՞նչ կարեւոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930