ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նոր ձեւավորված Ազգային ժողովի եւ Բելգիայի խորհրդարանի միջեւ առկա ավանդական բարեկամական կապերը կշարունակեն ընթանալ համագործակցության ոգով՝ երկու երկրների խորհրդարաններում առկա գործընկեր հանձնաժողովների ակտիվ շփումների եւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ գործակցության համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Բրյուսելի գագաթաժողովում նախատեսված ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրման նշանակությանն ու դերին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը եղել եւ մնում է հավատարիմ եվրոպական գործընկերության հիմքում ընկած իր հանձնառություններին եւ շարունակելու է ակտիվ մասնակցել եվրոպական ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնություններում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար իրականացվող զինադադարի կոպտագույն խախտումներն ամեն կերպ խաթարում են բանակցային գործընթացը եւ տարածաշրջանում վստահության մթնոլորտը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախը Եվրոպայի մաս է, եվրոպական ժողովրդավարական արժեքները յուրացրած պետություն, որի ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ