Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց անվտանգ, արդար, անկախ եւ խելացի Հայաստան ունենալու իր ծրագիրը (Տեսանյութ)

Հունիս 21,2017 11:10

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը 2017-22թթ համար: Նա ասաց, որ քաջատեղյակ են այն սպասելիքներից, որ քաղաքացիներն ունեն կառավարությունից եւ իրենց գործողություններում հաշվի են առնում այդ ամենը: Վարչապետն ասաց, որ հստակ պատկերացնում են, թե մենք ինչ խնդիրներ, հնարավորություններ ունենք: Կարեն Կարապետյանը նշեց, որ ունեն ապագայի հստակ տեսլական, գիտեն, թե ինչն է պետք փոխել եւ ինչպես, սկսել են դա իրագործել:

Կարեն Կարապետյանի խոսքերով՝ սա առարկայական բարեփոխումների ծրագիր է. «Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, մեր սահմանների մոտ 83 տոկոսը փակ է, միայն 17 տոկոսն է բաց: Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ, կախվածություն ունենք միջազգային ֆինանսական շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական իրադարձությունից: Մեր իրադրությունը դեռ երկար է լինելու այսպիսին: Ունենք նաեւ ներքին խնդիրներ, որոնց բոլորս քաջատեղյակ ենք: Այս ամենը թվարկում եմ ոչ թե բոլորին հուսալքելու, այլ հավաստիացնելու, որ մենք հստակ պատկերացնում ենք իրականությունը: Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է, դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր»:

Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ աշխարհում շատ երկրներ կան, որոնք ավելի վատ «ստարտային» վիճակում են եղել, բայց հավատալով իրենց ուժերին ու բռնած գործին՝ դարձել են զարգացած պետություն: Մեր երկրի հաջողության բանալին էլ, ըստ վարչապետի, մեր ձեռքում է:

Կարեն Կարապետյանը նշեց սփյուռքի դերի մասին, մեր լավագույն մասնագետների ներուժը համազգային նպատակներին ծառայեցնելու անհրաժեշտության մասին. «Մշակույթը հզոր զենք է, երբեմն ավելի ուժեղ, քան բուն զենքը, այն կարող է մարդկանց միավորել եւ ճանաչելի դարձնել միմյանց, մենք հզոր մշակույթ ունենք»:

Վարչապետն ասաց, որ պետք է ամեն մեկս աշխատենք՝ մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար, մեծ աշխատանք ունենք անելու. «Այլ ճանապարհ չունենք, քան պոպուլիզմից եւ կարծրատիպերից հրաժարվելը, պետք է բարձրացնենք հանդուրժողականությունը, դադարենք ուղղակի քննադատողի եւ դիտորդի կեցվածք ընդունել եւ աշխատենք րոպե առաջ իրագործել մեր երկրին անհրաժեշտ ծրագիրը: Ներդրողը մեկ օրում արդյունք չի տալիս, գյուղացին մեկ օրում արտահանող ֆերմեր չի դառնում, կառավարիչը մեկ օրում ավելի էֆեկտիվ չի դառնում: Թե ինչքանով արագ կհասնենք մեր նախանշած արդյունքին, կախված է մեր աշխատանքից եւ հասարակության արձագանքից»:

Նշենք, որ կառավարության ամբողջական ծրագիրը կազմում է մոտ 125 էջ:

«Այս ծրագրի հիմքում դրված է անվտանգ, արդար, անկախ եւ խելացի Հայաստան ունենալու տեսլականը»,- ասաց վարչապետը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930