Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի խորհրդական. Հայաստանում ընթանում է կոշտ եւ ուղղակի հակադրութիւն, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ. «Ասպարեզ»

Հունիս 21,2017 10:42

Վերջին ժամանակներս տարբեր փորձագէտներ եւ հասարակական գործիչներ սկսել են աւելի յաճախ քննարկել արժէքների հիմնահարցը Հայաստանում: Ես կարծում եմ, որ այդ քննարկումները չափազանց կարեւոր են, քանզի հէնց արժէքներն են ընկած իւրաքանչիւր ազգի եւ պետութեան զարգացման հիմքում:

Սկսած այն պահից, երբ ինձ հնարաւորութիւն ընձեռուեց ծառայել իմ ազգի շահերին՝ որպէս վարչապետ Կարէն Կարապետեանի խորհրդական, ես փորձել եմ հասկանալ եւ վերլուծել մեր քաղաքացիների կեանքը կանխորոշող արժէքային կողմնորոշումները:

Իհարկէ, Հայաստանում ապրում են տարբեր մարդիկ՝ տարբեր քաղաքական հայեացքներով եւ պատկերացումներով: Սակայն մեծամասնութիւնը, ըստ իս, համախմբուած է՝ իրեն պետութեանն ու իշխանութիւններին հակադրելու հիմքով: Ես չեմ ժխտի, որ մեր երկրում առկայ են տնտեսական եւ քաղաքական բնոյթի խնդիրներ: Անիմաստ կը լինէր նաեւ անտեսել այն փաստը, որ սխալներ նոյնպէս արւում են: Բայց միթէ՞ աշխարհում ինչ-որ վայրում հնարաւոր է գտնել իդէալական քաղաքականութիւն եւ քաղաքական գործիչներ: Հիմնուելով իմ փորձի վրայ՝ պէտք է նշեմ, որ մարդիկ տարբեր երկրներում, այդ թւում՝ ամենազարգացած, միշտ դժգոհ են իրենց իշխանութիւններից: Հայաստանում նոյնպէս ընթանում է կոշտ եւ ուղղակի հակադրութիւն, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ:

Երբ խօսում ենք բացառապէս քաղաքականութեան մասին եւ մեր արժէքային մատրիցան (կաղապարը-Խմբ.) կառուցում ենք այդ հիմքով, դադարում ենք նկատել հիմնարար խնդիրները: Ես չեմ յաւակնում ապացուցել իմ դատողութիւնների ճշմարտացիութիւնը, այլ ցանկանում եմ ներկայացնել այդ հարցերի շուրջ իմ պատկերացումները եւ ձեւակերպել որոշ առաջարկութիւններ:

Առաջին խնդիրը մեր հոգեւոր ճգնաժամն է: Մենք դադարել ենք միմեանց հաւատալ, դադարել ենք միմեանց լսել, եւ ամենագլխաւորը՝ դադարել ենք միմեանց հասկանալ եւ ընդունել: Կարո՞ղ է արդեօք հասարակութիւնը զարգանալ այդպիսի անտագոնիզմի (հակադրութեան-Խմբ.) պայմաններում: Ես համոզուած եմ, որ ոչ: Մարդկանց միջեւ վստահութիւնը այն արժէքային հիմքն է, որը թոյլ է տալիս ազգերին եւ պետութիւններին առաջ ընթանալ, զարգանալ տնտեսապէս եւ քաղաքականապէս: Մենք կասկածանքով ենք վերաբերում ոչ միայն նրան, ինչ պետութիւնն է անում, այլ նաեւ այն ամէնին, ինչը մեզ շրջապատում է մեր առօրեայ կեանքում: Լաւ, ենթադրենք՝ քաղաքական գործիչներն ունեն հասարակութեանը խաբելու նպատակ: Բայց այդ պարագայում ինչպէ՞ս բացատրել այն, թէ ինչո՞ւ ենք մենք նոյն կերպ վարւում միմեանց նկատմամբ ամէն օր, ամէն ժամ: Ո՞վ է պատասխանատուութիւն կրում դրա համար: Մեզանից իւրաքանչիւրը: Սակայն մենք չենք ցանկանում դա ընդունել:

Երկրորդ խնդիրը հոգեբանական է (ես այն անուանում եմ «ճգնաժամ գլուխներում»): Մեզանում ինձ համար անհասկանալի ինչ-որ հակուածութիւն կայ դէպի օտարը, եւ հակակրանք այն ամէնի նկատմամբ, ինչը մերն է: Շատերը երազում են լքել Հայաստանը, որպէսզի աւելի լաւ կեանք գտնեն դրսում: Բայց իրականում նրանց մեծ մասը նոր երկրներում ցածր աշխատավարձով որպէս մատուցող կամ բանուոր է աշխատում՝ փորձելով ծայրը ծայրին հասցնել: Բայց ինչո՞ւ մենք չենք ուզում նոյն աշխատանքը կատարել մեր հայրենիքում: Մի՞թէ իսպանական կամ ֆրանսիական սրճարանում մատուցող աշխատելն աւելի պատուաբեր է, քան հայկական սրճարանում աշխատելը: Մենք նոյն վարքագիծն ենք դրսեւորում նաեւ միւս հարցերում՝ մենք կարող ենք ենթարկուել ամերիկեան կամ գերմանական ղեկավարութեանը եւ օրերով աշխատել նրա համար, ինչը չէինք անի, եթէ մեր ղեկավարները հայեր լինէին: Այս թեման շատ բարդ է, փիլիսոփայական: Եւ շատ ժամանակ ու աշխատանք կը պահանջուի այդ հոգեբանական խնդիրները բացայայտելու եւ դրանց դէմ հակաթոյն գտնելու համար: Ցաւօք, դեռեւս չի յաջողւում այդ թոյնը դուրս հանել մեր օրգանիզմից, եւ այն դանդաղ սպանում է մեզ եւ մեր ապագան:

Երրորդ խնդիրը օտարածին տարրերի ազդեցութիւնն է: Ինձ համար՝ որպէս հայ պահպանողականի, առաջնայինը ազգային շահերն են, որոնք հիմնուած են մեր պատմա-մշակութային ժառանգութեան վրայ: Որո՞նք են այդ շահերը: Նախ եւ առաջ՝ անհրաժեշտ է պահպանել, ամրապնդել եւ քարոզել հայկական ընտանիքի պաշտամունքը: Որպէս հայ պահպանողական՝ ես հանդէս եմ գալիս այն բոլոր շարժումների եւ նախաձեռնութիւնների դէմ, որոնք սպառնալիք են ներկայացնում ընտանիքի ինստիտուտին: Յատկապէս անհանգստացնում է այն փաստը, որ հայկական մշակոյթից հեռու գտնուող մարդիկ փորձում են կործանարար գաղափարներ տարածել մեր հասարակութեան մէջ:

ՄՀԵՐ ՏԷՐՏԷՐԵԱՆ

ՀՀ Վարչապետի Խորհրդական

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930