Հաղորդել ենք, որ ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ հունիսի 20-ի երեկոյան Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի տարածքում է հայտնվել Հայաստանի քաղաքացի 50 տարեկան տղամարդ: Քեմեռլիին սահմանակից Նոյեմբերյանի գյուղերի ղեկավարները հերքել են, որ իրենց գյուղերի բնակիչ տղամարդ է անհետացել:
Ադրբեջանի լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ երկրի պաշտպանություն նախարարությունը հաղորդել է, իբր հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձ է արել անցնելու ադրբեջանական պաշտպանական գիծը, հայկական կողմը կորուստներ է կրել, մի հետախույզ գերի է ընկել:
Ադրբեջանի ՊՆ-ն Ադրբեջանի տարածքում հայտնված հայ խաղաղ բնակիչներին սովորաբար ներկայացնում է որպես հետախույզի: Այդպես էր նաեւ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 33-ամյա Կարեն Պետրոսյանի դեպքում, որը 2014թ, օգոստոսի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանցի զինվորականները Կարենին բռնի կերպով զինվորական համազգեստ էին հագցրել, մեկ օր անց՝ օգոստոսի 8-ին նրան տանջամահ արել:
Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Կ. Պետրոսյանը մահացել է սրտի անբավարարությունից, Երեւանում կատարված փորձաքննությունից պարզ էր դարձել, որ Կարեն Պետրոսյանին տանջել են, նրա կողոսկրերը ջարդված են եղել, կրծքավանդակի շրջանում եւ այլ հյուսվածքներում եղել են արյունազեղումներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ