Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ իրենց գյուղը ամենաակտիվներից է: Գոհ է, որ վերանորոգված դպրոց ունեն` 95 աշակերտով, նաեւ 13 երեխա` նախակրթարանում: Ափսոսում է, որ այս տարի ընդամենը երկու շրջանավարտ են ունեցել, բայց գոհ է, որ առաջիկայում 10 բալիկ է ծնվելու գյուղում:
«Բոլորի մասին տեղյակ ենք, որովհետեւ մեր համայնքի բյուջեից միանվագ 50000 դրամ ենք տալիս երեխա ունեցողին»,- շտապում է փարատել մեր տարակույսը գյուղապետը: Վարդան Ներսիսյանն ասում է, որ իրենց գյուղում տպագիր թերթերի հույսին չեն, քանի որ բոլոր տներում համակարգիչներ կան, համացանցի միջոցով ծանոթանում են օրվա լրատվությանը: «Եթե մտնեք տները, ուղղակի կզարմանաք, կարող է տունը կավաշեն լինել, բայց ներսում համակարգիչ դրված լինի»,- ընդգծում է Խաչիկ համայնքի ղեկավարը: Նաեւ ուրախությամբ հավելում է, որ իրենց վերանորոգված մշակույթի տունը լիարժեք ծառայում է նպատակին:
Մանրամասները` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Լուսանկարները՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ օրաթերթ»
20.06.2017