Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության մոտեցումն է՝ գործարար, դու քանի՞ գլխանի ես, պետք լինի՝ ավելին կտանենք»

Հունիս 21,2017 15:30

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ կառավարության նոր ծրագրով անկախ ու ազատ գործարարը կարտագաղթի

Կառավարության 20017-2022 թվականների ծրագրով նախանշած տարեկան 5% տնտեսական աճի ցուցանիշը բավարար չէ, որպեսզի հայաստանցիների կյանքում կտրուկ եւ էական փոփոխություններ լինեն: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Երեկ կառավարությունը հրապարակել է նոր ծրագիրը, այն, ըստ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, 2017-2022 թվականների Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր է:

Ծավալուն ծրագրում Վահագն Խաչատրյանի համար որեւէ տպավորիչ եւ համոզիչ բան չկա: Ըստ տնտեսագետի՝ տնտեսության 5% աճը գրավիչ չի կարող լինել Հայաստանի Հանրապետության համար, իսկ եթե լիներ 10-12%, արդեն այլ հարց է:

Խաչատրյանը նկատում է՝ այս փուլում, երբ նախորդ ճգնաժամային տարիներին 0% աճ էր, 5% ունենալը կառավարության համար գուցե դրական է. «Սակայն այդ 5%-ին հասնելու կարողությունների վերաբերյալ ծրագրում ոչինչ չի ասվում: Ընդհանուր պատկեր է դրված, առանձին տեղերում մանրամասնում են, դա էլ ծրագրի բովանդակությունը գցում է: Ծրագրից որեւէ սպասելիքներ չունեմ: Եթե ծրագրի փիլիսոփայությանը նայենք, տպավորություն է, որ կառավարությունը չի եկել երկար ժամանակով աշխատելու եւ ցանկություն էլ չունի: Կարծես հերթական կառավարությունն է, հերթական ծրագիրը, որը կարեւոր էլ չէ՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Իրենք էլ այդպիսի տրամադրվածություն չունեն, որ իրականություն դառնա»:

Կառավարության ծրագրում նշված է. «Պետությունը հետեւողականորեն կբարելավի մրցակցային միջավայրը` ապահովելով ապրանքային շուկաներ ազատ եւ հավասար մուտքի եւ ելքի պայմաններ»: Իրականում այս դրույթը պետք էր ոչ թե նոր ծրագրով սահմանել, այլ այն վաղուց արդեն պետք է օրինաչափություն լիներ:

Խաչատրյանն ասում է՝ մրցակցային միջավայրի բարելավման վերաբերյալ հատվածը ընդհանուր հասկացողություն է, եւ նման հայտարարություններ բոլոր կառավարություններն արել են. «Ոչ մի բարեփոխում էլ չի լինի: Ինձ մոտ հավատ չի ներշնչում այդ հայտարարությունը»:

Կառավարությունը արտահանման ուղղությամբ նախատեսել է ապրանքների եւ ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 40%-ի: Այս նպատակին հասնելու համար, ինչպես ծրագրում է գրված, կառավարության քաղաքականությունը 2 ուղղությամբ կլինի՝ արտահանման առկա, հատկապես արտոնյալ ռեժիմներ ունեցող շուկաներ (ԵԱՏՄ, ԵՄ) մուտքի խոչընդոտների առավելագույն վերացում եւ ԵԱՏՄ երկրներում նոր արտահանման շուկաների հասանելիության բարձրացում, երկկողմ հարթության մեջ թիրախային երկրների հետ առեւտրի արտոնյալ ռեժիմների ձեռք բերում:

Այս առնչությամբ էլ Խաչատրյանը նկատում է՝ արտահանման մեջ ներառել են ապրանքների եւ ծառայությունների արտահանում, սա էական փոփոխություն է, որովհետեւ եթե միայն ապրանքների մասով լիներ, դա ֆանտաստիկ թիվ կլիներ:

«Շատ դեպքերում իրենք իրենց հակասող բաներ են գրել: Մի շատ լուրջ խնդիր կա, որը ծրագրում չեն ներկայացրել ու չեն էլ խոսում այդ մասին: Արդեն խնդիրներ կան Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Եվրամիության երկրների

հետ: Խոսքն այն մասին է, որ ՀՀ-ն արդեն խոչընդոտներ է ստեղծում 3-րդ երկրներից ներմուծման դեպքում, հավելյալ մաքսադրույքաչափեր են սահմանում, որն ընդունված չէ խաղի կանոններով: Այսինքն՝ ծրագրում են արտահանումն ավելացնել, բայց դրա հետ կապված խնդիրներ են առաջացնում, որովհետեւ այդ նույն երկրներն ասելու են՝ դու իմ ապրանքները ներմուծելիս խնդիր ես առաջացնում: Հիմա ԵՄ արտահանելու դեպքում ասելու են՝ «ստոպ», մենք ձեզ GMP+ ենք տվել, բայց դուք մեզ հետ վերաբերվում եք որպես 3-րդ երկրի՝ լրացուցիչ մաքսադրույքաչափեր եք կիրառում: Այս խնդիրը շատ լուրջ է դրված»,- ասում է տնտեսագետը:

Ծրագրով նախատեսվում է օտարերկրյա որոշակի ներդրումների դեպքում ՀՀ քաղաքացիություն շնորհել: Վահագն Խաչատրյանն ասում է՝ նման անհեթեթություններ ծրագրում շատ կան: Քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց գաղափարը, ինչպես ասում է տնտեսագետը, կիրառվում է Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Կիպրոսում, սակայն այս երկրները տարիների ընթացքում «իմիջ» են ձեւավորել, եւ ներդրողների շահագրգռվածությունը մեծ է. «Իրենք մի քանի քայլ առաջ են թռնում՝ իբր այնքան կարեւորում ենք ՀՀ քաղաքացիությունը, որ նման բան ենք անում: Շատ արհեստական գաղափարներ ու ձեւակերպումներ կան»:

Խաչատրյանը կառավարության նոր ծրագրից այնպիսի տպավորություն է ստացել՝ կարծես վարչապետն ու կառավարությունը հանձնարարականներ են տալիս բիզնեսին, ինչ-որ առանձին մարդկանց. «Ո՞վ է այդ իրավունքը տվել: Արեք ձեր աշխատանքը, ինչո՞ւ եք ձեր հանձնարարականները վերագրում ուրիշին, որ պարտադիր պիտի անեն: Ես վտանգ եմ տեսնում այս ամենի մեջ, վարչահրամայական մեթոդներ եմ տեսնում, որ ուզում են կիրառելի դարձնել: Ուզում են ավելի շատ կառավարել մեզ: Չպետք է ընդունվի այս ծրագիրը: Այստեղ բարեփոխում չկա, ճիշտ հակառակն է»:

Կառավարության ծրագրի մյուս ուշագրավ խոստումներից է՝ «Հարկային եւ մաքսային մարմինների կողմից հետեւողական վարչարարության իրականացման արդյունքում պետք է խստացվի պայքարն օրինազանց, հարկային պարտավորությունները կանխամտածված կերպով չկատարելու վարքագիծ դրսեւորող հարկ վճարողների նկատմամբ, հարկային եւ մաքսային հսկողական գործիքները կկիրառվեն բացառապես ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ»:

Ընդ որում, կառավարությունը խոստանում է կրճատել օրինապահ հարկ վճարողների համար ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի ժամկետները:
Հարկ թաքցնողների նկատմամբ կառավարության խիստ մոտեցմանը Վահագն Խաչատրյանը ոչ միայն չի հավատում, այլեւ մտահոգություն է հայտնում.«Ես միշտ ասել եմ՝ որքան դրա մասին շատ են խոսում, այնքան զգույշ եղեք, ավելի շատ կլինեն հարկ չվճարողներ, հովանավորչություն: Օրինակ՝ վերջին ամիսներին շատ են խոսում հարկահավաքության առաջընթացի մասին: Բայց ըստ խոշոր հարկատուների առաջին եռամսյակի հաշվետվության՝ գերավճարները ավելացել են: Այսինքն՝ դա տեղի չի ունեցել տնտեսական ակտիվության շնորհիվ, բիզնեսից փող են վերցրել ու չեն տալիս: Եվ հետո, ինչ կարեւոր է՝ գործարարը բարեխի՞ղճ է, թե՞ ոչ, եթե ավելի գումար եք վերցրել, պարտավոր եք վերադարձնել:

Գերավճարները, որպես պետական պարտք, արդեն 250 միլիարդ դրամի են հասել»:

Այսինքն՝ տարանջատել՝ բարեխիղճ կամ ոչ բարեխիղճ գործարար, վարչապետի՝ «բիզնեսի հետ գործընկերային հարաբերություն» խոստումը հօդս է ցնդում:

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ՝ «Կառավարության մոտեցումն է՝ գործարար, դու քանի՞ գլխանի ես, պետք լինի՝ ավելին կտանենք, պետք լինի՝ կհանձնարարենք՝ ուրիշ տեղ էլ կտանես կծախսես: Այսպես են վարվում գործարարի հետ, որովհետեւ այդ մարդը հետո ոչ մի քաղաքական որոշման ժամանակ իրենց չի ենթարկվի, իսկ ազատ, անկախ մարդիկ պետք չեն այս համակարգում, ազատ մարդկանց կամ տեղում ոչնչացնում են, կամ էլ այդ մարդիկ արտագաղթում են: Այս ծրագիրը հենց սա է անելու»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»
20.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930